Քաղաքական

09.05.2017 07:26


Այսօր նշվում է Երկրորդ համաշխարհայինում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը

Այսօր նշվում է Երկրորդ համաշխարհայինում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը

Մայիսը հաղթանակների ու տոների ամիս է, իսկ մայիսի 9–ը հայ ժողովրդի համար եռատոն է. այսօր նշվում է Երկրորդ համաշխարհայինում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն իրականացվեց 1992թ. մայիսի 8-9-ին:

Ռազմական գործողության ելքը կանխորոշված էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն ընձեռեց հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Մայիսի 9-ին նշում ենք նաև 2–րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը։

Մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտության մեջ էր ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը): Ռազմական գործողությունները ծավալվում էին երեք մայրցամաքում և չորս օվկիանոսում: Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն էր, որի ժամանակ օգտագործվեց ատոմային զենք: Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։

Հայ ժողովրդի համար Հայրենական պատերազմն իսկական գոյամարտ էր: Պատերազմին Խորհրդային Միությունը պատրաստ չէր: Գերմանիան արագ հարձակումով անակնկալի բերեց խորհրդային զինված ուժերին ու հայտնվեց Մոսկվայի մատույցներում: Գերմանական զորքերի «Հարավ» խմբավորումը հարձակվեց Կովկասի ուղղությամբ և լուրջ սպառնալիք ստեղծեց ԽՍՀՄ-ի համար:

Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում բնակվող հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, որոնցից մոտ 350000-ը զոհվեց:

Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ:

Ազատագրելով ԽՍՀՄ տարածքը՝ խորհրդային զորքերը ռազմական գործողությունները տեղափոխեցին ֆաշիստական զորքերի գրաված երկրներ:

1945թ. սկզբներին ակնհայտ էր, որ Գերմանիայի պարտությունն ամիսների հարց է:

Իրենց ռազմաքաղաքական ծրագրերը համաձայնեցնելու նպատակով կոալիցիայի 3 պետության ղեկավարները 1945թ. փետրվարի 4-11-ը Յալտայում (Ղրիմ) հրավիրեցին երկրորդ խորհրդաժողովը, որտեղ նաև որոշում ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ և հանձնարարվեց 1945թ. ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով:

1945թ. ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը:
Մայիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում, ավարտվեց նաև Երկրորդ աշխարհամարտը:

Ուշագրավ է, որ ղարաբաղյան պատերազմի հրադադարը նույնպես կնքվեց 1994–ի մայիսի 9–ին։ Հրադադարի պայմանագիրը մայիսի 9–ին ստորագրեցին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը, մայիսի 10–ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, իսկ մայիսի 11–ին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Ս. Բաբայանը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը