Քաղաքական

07.05.2017 23:03


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը և մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։

Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը:

Վերստին Ձեզ հղելով իմ անկեղծ շնորհավորանքը՝ մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի և բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Այս խորագրի վերջին նյութերը