Մեկնաբանություն

06.05.2017 18:20


Մանդատավորները

Մանդատավորները

Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված մանդատ հանձնելու արարողությունն էի դիտում:

Ցավալի փաստ է, բայց այդ «արարողություն» կոչվածը ավելորդ անգամ բացահայտեց, թե որքա՜ն խեղճ ու կրակ երկիր ունենք: Քանզի այդ «էլիտա» համարվողներից մտավոր և հոգևոր թշվառություն էր «կաթում»: Նաև ռաբիսություն, դատարկություն, սնամեջ ֆիգուրների մի ամբողջություն տեսա:

Ողբալի է մեր երկիրը, եթե սրանք են մեր օրենսդիրները: Փորը քթին հասած «էլիտան» կոնյակ ու շամպայն էր խմում ու ֆսսալով հարցազրույցներ տալիս. ոչինչ չեն ասում, բառերի շարան է ու ռազմահայրենասիրական «բըխկոց»: Եվ այս «իդիլիան» լրացնում էր դասական երաժշտության մատուցումը՝ կենդանի կատարումով (Նովոն կամ Սարոյան Սեյրանն ու դասական երաժշտությունը...պատկերացրեցի՞ք):

Լրագրողները հետապնդում են այս կամ այն «ազգընտիրին» ու հարցեր տալիս: Սրանիցից մեկը ոչ մի հարցի չի պատասխանում: Լրագրողական «սառանչան» վազում է մեկ այլ մանդատավորի հետևից, մի երկու կցկտուր բան է լսում սրանից: Հետո գրոհում է մեկելի ուղղությամբ: Բոլորը անկապ բառակույտեր են շաղ տալիս:

Այդ ի՞նչ պետք է բարբառեն կեղծված ընտրություններով ԱԺ աթոռները զավթած մարդիկ, որ այդպես ջանում էին լրագրողները: Վերին հրամանով բոլոր օրենսդրական նախաձեռնությունները (որոնք այլ տեղերում են գրվում) դակելու են, ստից-մտից բանավիճելու են, իրիկուններն էլ միասին գնալու են հերթական հարսանիքին, կնունքին, ծնունդին մասնակցելու: Եվ վե՛րջ: Նման մանդատավորներից ի՞նչ անսպասելի խոսք կարելի է ակնկալել այս կամ այն հարցին պատասխանելիս: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Ոչ մի արտառոց բան հնարավոր չէ սպասել այս խորհրդարանից: Զզվելի է:

Իբր, սրանք ընտրվել են, ազատ ու արդար ընտրություններում են հաղթել, հիմա էլ աքաղաղի կեցվածքով եկել ու հանդիսավոր մանդատ են ստանում: Բոլորը անդեմ, միակերպ, լղոզված դեմքեր են, ոչ մի անհատականություն, ոչ մի ցայտուն, խարիզմատիկ դեմք չկա: «Գազոն» է: Երկիրը մտնում է նեխման փուլ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը