Քաղաքական

05.05.2017 13:47


«Հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը»

«Հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը»

Մայիսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Մայիսյան եռատոնի նախաշեմին կազմակերպված մամուլի ասուլիսի մեկնարկին ողջունելով ներկաներին, բանակի հրամանատարը համառոտ ներկայացրել է պաշտպանության բանակի 25-ամյա պատմության կազմավորման և անցած մարտական ուղու փառավոր պատմությունը: Այնուհետև Լևոն Մնացականյանն անդրադարձել է նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիային՝ նշելով, որ չնայած հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ողջ զինանոցը, պաշտպանության բանակին հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը, և ինչպես 1994թ. մայիսին, այնպես էլ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով:

Իր խոսքում բանակի հրամնատարը նշել է նաև 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքների և ներդրված նորագույն տեխնոլոգիաների մասին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս ի զօրու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Իսկ հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, նոր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերմանը, առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրմանն ու դրանց շահագործմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը