Մեկնաբանություն

05.05.2017 08:35


«Խփվում» են նաև արտագաղթի թվերը

«Խփվում» են նաև արտագաղթի թվերը

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, զարմանալիորեն, «աչքաչափով» է ներկայացնում արտագաղթի ծավալները:

«1992-1994 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ: 3 տարիների ընթացքում բնակչության նվազումն արտագաղթի պատճառով կազմեց շուրջ 600 հազար: 1995-2001 թվականներ, երկրորդ փուլ, կայունացման բայց դեռևս համեմատաբար բարձր արտագաղթի ծավալներ: Մենք այդ 7 տարիների ընթացքում ունեցանք շուրջ 250 հազար բնակչության կորուստ: Այնուհետև, 2002 թվականից մինչև այժմ, գրեթե նույն տարեկան մակարդակի վրա է՝ 2002-2007 թվականներին 25-26 հազար, հետո մի քիչ բարձրացավ, մինչև 29-30 հազար»,- Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է Եգանյանը:

Ըստ Եգանյանի, պարզվում է նաև, որ իր ու իր ղեկավարած կառույցի խնդիր չէ արտագաղթի վերաբերյալ «վերլուծություններ անելը»: Համարում է, որ այդ գործը պետք է անեն սոցիոլոգները (երևի, հատկապես Ադիբեկյանը): Եգանյանի խոսքում զարմանալին այն է, որ նա փորձում է նույնացնել թվերը, այսինքն՝ ըստ նրա 2002-ից մինչ հիմա ամեն տարի գրեթե նույն քանակի մարդ է հեռացել երկրից: Մինչդեռ, իրականությունը այլ է: Անցյալ տարի մի քանի կայքեր հրապարակեցին ինֆոգրաֆիկա, համաձայն որի ակնհայտ դարձավ, թե քանի ՀՀ քաղաքացի է լքել երկիրը 1992-2015 թվականներին (մանրամասն, բոլոր նախագահների ղեկավարման տարիներին յուրաքանչյուր տարվա կտրվածքով):

Ըստ այդմ, անկախության 25 տարիների ընթացքում, բացառությամբ 2004-2006 թվականների, տարեկան կտրվածքով մեկնողների նկատմամբ վերադարձողների թիվը բացասական է եղել: Ավելի կոնկրետ, 25 տարվա ընթացքում ընդամենը 3 տարի է, որ ունեցել ենք ներգաղթ: Իսկ 2010 թվականից սկսած, ամեն տարի երկիրը լքել է միջինը 43 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, 129.300 մարդ, Սերժ Սարգսյանի նախագահության առաջին 8 տարիների ընթացքում՝ 2008 թվականից մինչ 2016 թվականի հունվարի 1-ը, 307.600 մարդ: Փաստ է, որ 2008-ից մինչև 2016 թվականը արտագաղթի ծավալները կրկնակի և ավելի չափով մեծ են եղել, քան 1998-2007-ը: Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին ակնհայտորեն երկիրը դատարկվել է և ցավալիորեն, շարունակվում է արտագաղթը, իսկ Եգանյանը «համահարթեցման» եղանակով «2002-ից մինչ այժմ» ամեն տարվա կտրվածքով նույն թվերն է նշում: Լավ է չասաց, որ 2008-ից մինչև հիմա մի քանի տարի նաև ներգաղթ է արձանագրվել:

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, երբ ամեն գնով իշխող ուժն ու նրա ղեկավարը լուծեցին իրենց վերարտադրության հարցը, դեռ իսկական գաղթի ականատեսը կդառնանք (թեպետ, 2008-ից այս կողմ ահագնացող արտագաղթի պատկերն արդեն «ճաշակել» ենք): Տեսնենք այն ժամանակ ի՞նչ է ասելու Եգանյանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը