Աշխարհ

04.05.2017 16:20


Թուրքական զինուժը վարժանքներ է անում Վանի տարածքում

Թուրքական զինուժը վարժանքներ է անում Վանի տարածքում

Մայիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում թուրքիայի զինված ուժերը վարժանքներ են անում Վանի տարածքում, այդ թվում՝ Վանա լճի ջրերում: Բացի այդ, մայիսի 8-12-ը նախատեսված է զորավարժություն անցկացնել Վանա լճից շուրջ 30 հեռավորության վրա տեղակայված «Դողանսու» զորավարժարանում: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հրապարակել է կոորդիանատներ՝ նշելով, որ վարժանքների անցկացման վայրում հայտարարվում է «ժամանակավոր անվտանգության գոտի»: Սա նշանակում է, որ այդ տարածքներում նշված ժամկետներում արգելվում է կողմնակի անձանց մուտքը:

Առաջին զորավարժությունն անցկացվում է հիմնականում Վանա լճի ափամերձ շրջաններում և հենց լճի տարածքում՝ հյուսիսկենտրոնական հատվածում: Այն կավարտվի վաղը՝ մայիսի 5-ին: Զորավարժության անցկացման մասին այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Հաջորդ զորավարժությունն անցկացվելու է մայիսի 8-12-ին՝ «Դողանսու» զորավարժարանի տարածքում: Նախատեսվում է անցկացնել մարտական կրակով վարժանքներ:

Նշենք, որ այս շրջաններում թուրքական զինուժը ժանդարմերիայի և ոստիկանության ուժերի հետ ներգրավված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում:

Երկու վարժանքների ընթացքում կրակի արձակման առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի շուրջ 4 կմ-ը: Թուրքիայի զինուժը մայիսի ընթացքում նմանատիպ վարժանքներ կանցկացնի նաև Կարսի տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը