Մեկնաբանություն

16.01.2010 18:02


Հայկական ընտրության հիվանդությունները

Հայկական ընտրության հիվանդությունները

Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրությունները լուսաբանելու համար ես Չեխովի անվան դպրոցում տեղակայված 10/31 ընտրատեղամասում էի հետևում քվեարկության ընթացքին։ Սա, ինչպես արդեն այդ օրվա վերջում պարզվեց, համեմատաբար «թեթև» տեղամասերից էր։ Ճիշտ է, մարդկանց չէին ծեծում կամ արգելում լուսաբանել, բայց այստեղ նույնպես «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով մարդկանց բերեցին ընտրելու։ Մի խումբ երիտասարդներ, երբ ցանկանում էին, մուտք ու ելք էին անում տեղամաս և ջերմ զրույցի բռնվում ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, էլ չեմ ասում, որ ընտրողների մեծամասնությունը, հիմնականում «խառոշիները», շատ լավ հարաբերություններ ունեին նույն այդ նախագահի հետ, և երկու տղամարդկանց այդ հանդիպումն անցնում էր շրթունքը շրթունքին (ինչը կողքից տեսնողիս համար բավական տհաճ էր) համբույրով։ Ու ցավալին այն է, որ այս ամենը որքան էլ տհաճ է, ընտրախախտումներն էլ՝ հակաօրինական, բայց կարծես արդեն իսկ դարձել է բնական ու գրեթե չզարմացնող։

Այս տողերը գրելիս հիշեցի լրագրության ասպարեզում իմ առաջին ուսուցչին՝ ռուսական մի շարք առաջատար հեռուստաալիքների սեփական թղթակցին Հայաստանում՝ Վլադիմիր Նազարյանին։ Նա ասում էր, որ լրագրողը դադարում է որպես այդպիսին լինել, եթե չի զարմանում։ Այո՛, ընտրախախտումներից, ցավոք, այլևս չեմ զարմանում, բայց չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե ոչ, որ այդ օրը զարմացա մեր հարգարժան համաքաղաքացիների «նագլի» պահվածքից։ Նախկինում նույնպես լուսաբանել եմ ընտրություններ, բայց եթե նախորդ տարիներին ընտրախախտման մաս կազմող սովորական քաղաքացիները կաշկանդված էին և նույնիսկ վախեցած, ապա այս անգամ նրանք ոչ միայն չէին ամաչում իրենց հակաօրինական քայլի համար, այլ կարծես նույնիսկ հպարտանում էին՝ համոզված լինելով, որ դե բա ընտրությունները հենց այդպես էլ պետք է անցնեն, և ով ավելի արհեստավարժ ընտրախախտում կատարի, այնքան լավ։ Մասնավորապես երբ ընտրատարածք եկան միկրոավտոբուսով բերված քաղաքացիները, մոտեցա նրանցից ամենատարեց կնոջը՝ կարծելով, որ երիտասարդ աղջիկները, ովքեր այդ խմբում գերակշռում էին, պարզապես կկաշկանդվեն և չեն խոսի։ Բայց որքան մեծ էր իմ զարմանքը, երբ խոսակցությանն անմիջապես միջամտեց այս աղջիկներից մեկը, և իմ հարցին, թե ո՞վ և ի՞նչ իրավունքով է նրանց բերել քվեարկելու, անգամ առանց աչքը թարթելու անմիջապես կողմնորոշվեց և պատասխանեց՝ մեր հարևանը, բոլորս նույն թաղամասից ենք, խնդրեցինք, բերեց։

Չցանկանալով հավատալ, որ արդեն երիտասարդ աղջիկներն են մեր այս արատավոր համակարգում դարձել ընտրակեղծարարների արհեստավարժ մասնակիցներ՝ մոտեցա միկրոավտոբուսի վարորդին։ Անկեղծորեն ասացի, որ ընտրատարածքում քվեարկող խումբը պնդում է, թե նա իրենց հարևանն է։ Վերջինն իր հերթին է՛լ ավելի անկեղծորեն զարմացավ՝ ասելով, որ երթուղիներից մեկի վարորդն է (երթուղու համարը հրաժարվեց նշել), որ իրեն առավոտյան «գծից» են հանել, և որտեղ ասում են, այնտեղ էլ գնում է և մարդկանց բերում ընտրատարածք (թե ով է ասում, նույնպես հրաժարվեց նշել)։  Զարմանալին, սակայն, այն էր, որ թեև այդ վարորդը չասաց նաև իր անունը, այդուհանդերձ, ընկերոջ հետ սիրով, կասեի՝ նույնիսկ հպարտությամբ ու սեփական նախաձեռնությամբ հոժարակամ կանգնեց մեր ֆոտոխցիկի առջև և լուսանկարվեց։ Սիրով թոռնիկի հետ լուսանկարվեց նաև տվյալ ընտրական հանձնաժողովի նախագահին ծանոթ խմբի անդամներից մեկը նույնպես՝ նույնիսկ առաջարկելով իր հասցեն տալ, որպեսզի լուսանկարն ուղարկենք նաև իրեն։

Չգիտեմ, թե էլ քանի անգամ կզարմանայի «ընտրակեղծարարների» անկաշկանդվածությունից, եթե օրվա երկրորդ կեսին չհեռանայի ընտրատարածքից։

Ու այս ամբողջ օրերի ընթացքում ինձ մի հարց է մտատանջում՝ եթե առաջիկայում հրաշքով կամ մեկ այլ հանգամանքից ելնելով՝ ընտրություններն իրոք անցնեն ազատ և արդար, կկարողանա՞ն մեր քաղաքացիներից ոմանք առանց կաշառքի, առանց միջնորդության և թելադրանքի գնալ ընտրատեղամաս և իրենց քվեն տալ նրան, ում իրոք արժանի են համարում։ Համենայնդեպս, հակված եմ կարծելու, որ ո՛չ, չե՛ն կարող։ Հավանաբար նրանց հոգեբանությունն արդեն իսկ այնքան է խաթարված, որ խեղաթյուրվել են բոլոր արժեքները՝ վատը դարձել է լավ, անօրինականը՝ օրինական, դատապարտելի պահվածքը՝ հպարտության, ինչու չէ, նաև նյութական բարեկեցության առարկա։

Կարծում եմ՝ իրավիճակի փոփոխման ազդակները պետք է գան հենց վերևից։ Ծեծված խոսք է՝ ձուկը գլխից է հոտում, բայց այս դեպքում էլ, թերևս, այն իր արդիականությունը չի կորցրել։ Եթե իշխանությունները կաշառք չառաջարկեն, եթե իրոք արգելեն կաշառք վերցնել, իրականում պատժեն ընտրակեղծարարներին և այլն, ապա ճի՛շտ է՝ սկզբնական շրջանում մանր ընտրակեղծարարների «կոմպը կկախվի», և նրանք չեն իմանա՝ ինչպես վարվեն, բայց կամաց-կամաց կսկսեն «բուժվել»։ Հուսանք, որ իշխանությունների մոտ բժշկելու ցանկությունը շուտ կառաջանա, իսկ հիվանդների ռեաբիլիտացիոն շրջանը շուտ կավարտվի։

Բայց քանի որ իշխանություններն ավելի շուտ բալետով կզբաղվեն, քանի կգնան նորմալ ընտրությունների, ապա մնում է միայն փոփոխությունների սպասել ներքևից, որը հասունացած է շատ վաղուց, բայց իրականացնողները դեռ չեն հայտնվել։ Կարծում եմ, որ շուտով կհայտնվեն։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը