Տնտեսական

03.05.2017 12:25


Երևանում բնակարանների շուկայական միջին գները փետրվարի համեմատ նվազել են

Երևանում բնակարանների շուկայական միջին գները փետրվարի համեմատ նվազել են

2017 թվականի մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13833 գործարք, որոնց քանակը 2017 թվականի փետրվար ամսվա համեմատ աճել է 13.0 %-ով:

2017 թվականի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3979 օտարման գործարքի 71.9 %-ը կազմել է առուվաճառքը, 27.8 %-ը` նվիրատվությունը, և 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 38.9 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.0 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

2017 թվականի մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 66.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 39.6 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 22.8 %-ով:

2017 թվականի մարտին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 քառակուսի մետրի մակերեսի հաշվարկով մարտ ամսվա տվյալներով.

Կենտրոն՝ 428 250 դրամ, Նուբարաշեն՝ 157 700 դրամ, Արաբկիր՝ 357 000 դրամ, Ավանում, Նոր Նորքում, Էրեբունիում, Շենգավիթում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում, Դավթաշենում, Քանաքեռ-Զեյթունում գները տատանվում են 238 000 դրամից մինչ 276 000 դրամ: Քանաքեռ-Զեյթունում բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրը մարտ ամսին գրանցվել է ավելի թանկ, քան մյուս վարչական շրջաններում:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի մարտին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2017 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել է 1.4%-ով:

2017 թվականի մարտին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 345 բնակարան, որոնց քանակը 2017 թվականի փետրվարի համեմատ աճել է 12.4 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 0.9 %-ով:

2017 թվականի մարտին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 357 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 101 գործարք, մարզերում՝ 256 գործարք: 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 17.0 %-ով, ընդ որում, Երևանում՝ 21.7 %-ով, իսկ մարզերում` 15.3 %-ով: 2017 թվականի մարտին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1.7 %-ով, ընդ որում, Երևանում՝ աճել 8.6 %-ով, իսկ մարզերում` նվազել 5.2 %-ով:

2017 թվականի մարտին հանրապետությունում օտարված հողերից 995 միավորի (506.81 հա) նկատմամբ իրականացվել է առուվաճառքի գործարք, որից Երևանում` 89 միավոր (8.52 հա), նվիրատվության գործարք՝ 279 միավորի (115.09 հա), որից Երևանում` 14 միավոր (2.16 հա) և փոխանակության գործարք՝ 5 միավորի (0.43 հա):

Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 121.46 հա, որից 117.82 հա գյուղատնտեսական նշանակության են:

2017 թվականի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 721 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 5.2 %-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 79.9 %-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից:

2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 33.5 %-ով:

2017 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 41 բնակարանի, 37 անհատական բնակելի տան, 335 հասարակական և 69 արտադրական նշանակության օբյեկտի, 218 հողի և 21 ավտոտնակի վարձակալության գործարք: Հողերի կառուցապատման, սերվիտուտի և անհատույց օգտագործման իրավունքների պետական գրանցումներն ընդգրկված են հողերի վարձակալության գործարքներում:

2017 թվականի մարտին հանրապետությունում վարձակալված 1797.88 հա հողից 0.69 հա վարձակալվել է Երևանում: Առավել մեծ մակերեսով հող վարձակալվել է Վայոց ձորի մարզում՝ 511.96 հա, որից 498.31 հա գյուղատնտեսական նշանակության:

2017 թվականի մարտին հանրապետությունում արձանագրվել է 2011 առաջնային գրանցում, որոնց քանակը, 2017 թվականի փետրվարի համեմատ, նվազել է 4.9 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ` աճել 0.3 %-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումներում կազմել է 14.5 %: Առաջնային գրանցումների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում (16.7%):

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը