Աշխարհ

02.05.2017 13:11


Գերմանիան կմարզի Սաուդյան Արաբիայի զինծառայողներին

Գերմանիան կմարզի Սաուդյան Արաբիայի զինծառայողներին

Իսլամական ահաբեկչության դեմ պայքարի համար Գերմանիան մտադիր է իր տարածքում կազմակերպել Սաուդյան Արաբիայի բանակի զինծառայողների պատրաստության դասընթացներ: razm.info-ն գրում է, որ այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Մերկելը նշել է, որ արաբական պետությունը առանցքային դեր է կատարում իսլամական ահաբեկչության և «Իսլամական պետության» դեմ պայքարում, ինչպես նաև հակաահաբեկչական կոալիցիայի կարևոր դերակատարներից է:

«Մենք շահագրգռված ենք, որ այս պետության սահմանները լավ պաշտպանված լինեն և որ Սաուդյան բանակը լավ մարզված լինի ԻՊ դեմ պայքարի համար: Այս նպատակով ապագայում մենք կհամագործակցենք, օրինակ, սահմանապահների և կին ոստիկանների ուսուցման, ինչպես նաև Գերմանիայում սաուդյան զինծառայողների մարզման հարցերում»,-նշել է Գերմանիայի կանցլերը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան մտնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ձևավորված միջազգային կոալիցիայի մեջ, որն առաջնորդում է ԱՄՆ-ն:

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրաված սահմանները տարածվում են գրեթե մինչև Սաուդյան Արաբիայի սահմանները:


Այս խորագրի վերջին նյութերը