Աշխարհ

30.04.2017 19:47


Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը և ոչ միայն (տեսանյութ)

Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը և ոչ միայն (տեսանյութ)

Յուրաքանչյուր երկրի ազգային հեռարձակող ամեն տարի ընտրում է երաժշտական ասպարեզի 5 ներկայացուցչի, ովքեր ըստ կանոնի դատելու են երգչի ձայնային տվյալները, ելույթը բեմի վրա, երաժշտության կառուցվածքն ու յուրահատկությունը և ընդհանուր տպավորությունը մասնակցից: Ժյուրիի անդամները, ինչպես հեռուստաքվերակության դեպքում, ներկայացնում են մասնակիցներին հերթականությամբ: Ընդ որում Եվրոպական հեռարձակողների միության կողմից ժյուրի ընտրվելու համար կան հստակ սահմանված օրենքներ՝ ժյուրիի անդամը պետք է վերջին երկու տարիներին ազգային ժյուրիի կազմում ներգրավված չլինի, քվեարկության պահին պետք է լինի 16 տարեկանից բարձր, չպետք է լինի մասնակից հեռարձակող միություններից որևէ մեկի աշխատակիցը, պետք է երաժշտական ասպարեզի մասնագետ լինի կամ կապ ունենա դրա հետ, ինչպես նաև ժյուրիի անդամները պետք է լինեն նրանց ներկայացրած երկրի քաղաքացիներ և որևէ ձև կապ չունենան մրցույթին մասնակցող երգերից կամ մասնակիցներից մեկի հետ՝ անաչառ քվեարկությունն ապահովելու համար:

Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական էջից հայտնի է դառնում, որ հայաստանյան ժյուրիի կազմը այս տարի բաղկացած է երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազզ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանից:

ogae.am-ը հայտնում է, որ հայերն ամենուր են՝ հայկական ազգանուններ նկատելի են նաև այլ երկրների ժյուրիի կազմում:

64-ամյա Հայկ Զաքարյանը (Haig Zacharian) Ալբանիայի ազգային ժյուրիի անդամներից է, ով ժամանակին մի շարք անսամբլներ է ղեկավարել: Նա ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում և իր ստեղծագործություններից շատերը Ալբանիայում հնչում են կարևորագույն առիթների ժամանակ: Այժմ Զաքարյանը՝ որպես դասախոս, աշխատում է Տիրանայի Արվեստների ակադեմիայում:

Էլենորա Վարդանյանը, ով ավելի հայտնի է որպես Elly V 19-ամյա երիտասարդ երգչուհի է Ավստրիայից, ով այս տարի ընդգրկված է նաև երկրի ժյուրիի կազմում: Էլեոնորան նախորդ տարի մասնակցեց Եվրատեսիլ 2016-ի՝ Ավստրիայի նախընտրական փուլին, որտեղ հասնելով սուպեր եզրափակիչ՝ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Նիկա Զորյանը 24-ամյա երգչուհի է Սլովենիայից, ով հավանաբար հայկական ծագում ունի, ինչի մասին վկայում է երգչուհու ազգանունը: Այս տարի Սլովենիայի ժյուրիի 5 անդամներից մեկը հենց նա է: Երգչուհին Սլովենիան Կիևում ներկայացնելու փորձեր արեց, սակայն նախընտրական փուլին զբաղեցրեց միայն 5-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ փաստացի արդյունքների 50 տոկոսը ապահովելու են 42 երկրից ընտրված ժյուրիի 210 անդամներ:

Ինչպես հաղորդում է eurovision.tv կայքը ամենարիտասարդ անդամները 16 տարեկան են՝ ընդգրկված ՆՀՄ Մակեդոնիայի և Ուկրաինայի ժյուրիներում, իսկ ամենատարեցը 76 տարեկան է Միացյալ Թագավորությունից: Անդամների միջին տարիքը մոտ 40 է:

Ժյուրիի անդամներից 97-ը կանայք են, 112-ը՝ տղամարդիկ:

Ժյուրիի մեկ անդամ դեռևս չի ընտրվել:

Հիշեցնենք, որ ժյուրին քվեարկում է կիսաեզրափակիչներից և եզրափակչից մեկ օր առաջ՝ նրանց համար նախատեսված շոուների ընթացքում:


Այս խորագրի վերջին նյութերը