Տնտեսական

30.04.2017 11:56


ԱԱԾ-ն պարզել է ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը

ԱԱԾ-ն պարզել է ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ:

«Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են. «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու և ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Հինգշաբթի՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ադրբեջանական խնձորի հնարավոր մաքսանենգությունից խոսեց նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: «Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում առկա չէ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում նշված խմբաքանակի ներկրման որևէ դեպք իր բազայում չունի», - նշել էր պաշտոնյան:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը