Աշխարհ

28.04.2017 11:10


Մակեդոնիայում ցուցարարները գրոհով վերցրել են խորհրդարանը (տեսանյութ)

Մակեդոնիայում ցուցարարները գրոհով վերցրել են խորհրդարանը (տեսանյութ)

«Հանուն միացյալ Մակեդոնիայի» հասարակական շարժման ակտիվիստները ներխուժել են այդ երկրի օրենդիր մարմնի շենք և զբաղեցրել նիստերի դահլիճը՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով էթնիկ ալբանացի Թալաթ Հաֆերիի՝ խորհրդարանի խոսնակ ընտրվելուն։ Այս մասին հայտնում է «Radio Free Europe»–ը։

Ցուցարարները ծեծի են ենթարկել ընդդիմության առաջնորդ Զորան Զաևին, Մակեդոնիայի սոցիալ–դեմոկրատների միության ևս մի քանի պատգամավորի, ինչպես նաև ալբանացի պատգամավոր Զիյադ Սելային։

Հաֆերին դարձել է 1991–ին Հարավսլավիայից անկախանալուց հետո Մակեդոնիայի խորհրդարանի առաջին ալբանացի խոսնակը։ Էթնիկ ալբանացիները երկրում կազմում են բնակչության մեկ երրորդը: Ընտրությունները կայացել են 2016–ի դեկտեմբերին, սակայն խորհրդարանը դեռ չի ձևավորվել: Չնայած դրան՝ Զաևը կոալիցիա էր կազմել ալբանացի պատգամավորների հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անընդունելի է անվանել Մակեդոնիայի խորհրդարանի գրոհը և զսպվածության կոչ արել։

«Բռնությունն, ուղղված ժողովրդավարական կառույցների և ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների դեմ, անթույլատրելի է», - ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Երկրի նախագահ Գեորգ Իվանովն էլ իր հերթին հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով խոշոր կուսակցությունների առաջնորդներին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ դուրս գալու ուղիները:

Նախօրեին երեկոյան Մակեդոնիայի ներքին զորքերն ազատել են խորհրդարանի մամուլի կենտրոնում փակված մնացած պատգամավորներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը