Քաղաքական

28.04.2017 08:07


ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլի 26-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլի 26-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ չորեքշաբթի օրը ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այս և հետագա տարիների ապրիլի 26-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։ Այս մասին հայտնում է Ազատությունը։

Բանաձևում, որի տեքստը հրապարակված է Կոլորադոյի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում, ասված է, որ այս տարի «Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 102-րդ տարելիցն է»։

«1915-23 թվականներին թուրքական Օսմանյան կայսրության կողմից իրականացված վայրագ ցեղասպանության զոհ դարձան հայկական ծագում ունեցող մեկևկես միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ»,-ընդգծում են Կոլորադոյի օրենսդիրները բանաձևում։

«Հայ ժողովրդի կոտորածին հաջորդեց աշխարհի հնագույն բազմաթիվ եկեղեցիների, տաճարների, խաչքարերի, ինչպես նաև դպրոցների, գրադարանների, արվեստի գանձերի և մշակութային կոթողների ոչնչացումը, որը շարունակվում է մինչ օրս՝ որպես ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող մի վեհ քաղաքակրթության բոլոր հետքերը ջնջելու փորձ»,-ասված է բանաձևում։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստան երկրի՝ հայ ժողովրդի հայրենիքի և նրա հարևանների միջև կառուցողական ու մնայուն հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերին, հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների ճանաչման և մարդկության դեմ այդ հանցագործության ազնիվ, արդարացի և համընդգրկուն միջազգային լուծման վրա»,-հայտարարում են Կոլորադո նահանգի օրենսդիրները ընդունված բանաձևում։

Կոլորադոն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1981 թվականին` նահանգապետի հայտարարությամբ, իսկ 2002-ից սկսած այդ նահանգի օրենսդիր մարմինը ամեն տարի Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր է ընդունում: 2015 թվականին Կոլորադոն դարձավ ամերիկյան առաջին նահանգը, որի նահանգապետարանի տարածքում խաչքար տեղադրվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը