Մեկնաբանություն

28.04.2017 08:15


Ոչ թե հուշագիր, այլ մոռացագիր ստորագրեք

Ոչ թե հուշագիր, այլ մոռացագիր ստորագրեք

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատրաստվում են իրենց «ծրագրային տեսլականին համահունչ» համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Հայտնում է Էդուարդ Շարմազանովը:

Ամեն անգամ նման համագործակցության վավերացումից մի երկու շաբաթ առաջ մամուլը գրում է՝ «Առաջիկայում», «Շուտով», «Մոտ ժամանակներս» ու նման բաներ: Իբր, «ինտրիգը» ձգելու համար: Դե, վերջում էլ Շարմազանովն ասում է՝ «Տեսանելի ապագայում» կստորագրվի, քանի որ դաշնակցականների հետ ընդհանուր հարցերում եկել են համաձայնության:

Իրենք համաձայնվել են, իսկ ժողովո՞ւրդը: Այս հարցը, բնականաբար, երբեք էլ չի հետաքրքրել իշխող ուժին և նրա հետ «ախպերությունը» շարունակող ավանդական կուսակցությանը: Վերջինիս դեպքում, անշուշտ, հարց է առաջանում՝ երկրում տիրող վիճակի համար արդյոք պատասանատվության իր բաժինն ունենալո՞ւ է: Քանզի, իշխող ուժն իր ոտքերից բռնած քաշում է ճահիճը ու ինքն էլ է խեղդվելու:

Լա՛վ, այս երկու ուժը՝ հե՛չ, երկիրն է սուզվում ճահիճի մեջ: Իսկ մեղավոր ու պատասխանատու չկա: Վերջում դարձյալ իշխող ուժը տոկոս է խփում, ինչից հետո, թվում է, միայնակ էլ կարող է կառավարել երկիրը, բայց ո՛չ, իրեն մեղսակից է դարձնում նաև ՀՅԴ-ին: ՀՅԴ-ն էլ դեմ չէ: Ավելին՝ հաճույքով հերթական համագործակցության հուշագիրն է կնքում իշխանության հետ:

Նման մի հուշագիր այս երկու ուժերը նախագահականում հանդիսավորապես ստորագրեցին 2016-ի փետրվարի 24-ին: Բացեք ու վերհիշեք այդ տեքստը: 2016-ի քաղաքական համագործակցության հուշագրում մասնավորապես նշված է. «Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը: Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կայուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը»: Մեջբերենք ևս մի հատված. «Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն և համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանանակի աճին: Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը: Շարունակել քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, հայոց պետականության ամրապնդման, հայապահպանման և հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացման ուղղությամբ»:

Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ Հուշագրի ծավալուն տեքստի գոնե այս հատվածում նշված խնդիրներից քանի՞սն են լուծել երկու ուժերը: Ոչ մի խնդիր: Հիմա կրկին պատրաստվում են նույնաբովանդակ տեքստի տակ ստորագրել, ծափ տալ, միմյանց շնորհավորել՝ քաղաքական համագործակցությունը շարունակելու համար: Այսինքն՝ հերթական թատերականացված արարողության ականատեսն ենք դառնալու՝ խնդիրների լուծման հարցում համատեղ ձախողման կամ անգործունակության դրսևորման հեռանկարով (դե, կարևորը, ՀՅԴ-ին ենթադրաբար տրվելիք հավելյալ լծակն է, ինչի մասին առայժմ լռում են, գաղտնի են պահում):

Մեր հայրենիք, թշվառ, անտեր, համագործակցության նման հուշագրերով դու որքա՞ն կարող ես դիմանալ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը