Մեկնաբանություն

27.04.2017 09:45


Տխուր ընտրություններ

Տխուր ընտրություններ

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, բայց ուրախություն չկա: Մինչդեռ արտաքին տպավորությամբ ահագին սուբյեկտ պետք է ուրախ լիներ:

Ուրախ չէ ժողովուրդը, որի կեսից ավելին, իբր, քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, բայց չի ուզում նշել իր հաղթանակը, այլ շարունակում է կայուն կերպով համալրել արտագաղթողների բանակը:

Ուրախ չէ ՀՀԿ-ի մեծ մասը, քանզի դե յուրե իրենք հաղթել են, բայց դե ֆակտո ՀՀԿ-ում միայն որոշումներ են դակում, այլ ոչ թե որոշում կայացնում: ՀՀԿ-ն ընդամենը Բ26-ի գործիքն է, որին օգտագործում են, փչացնում ու դնում հանրության առաջ:

Ուրախ չեն «ռեյտինգայինները», քանզի հսկայական ծախսեր են կատարել, յուրօրինակ հարկային բեռի տակ ընկել, ձայները փողով գնել, տոկոսը «խփել», բայց նրանց մի մասը «քցվել» է, քանզի բաժանած փողն ակնկալվող քանակի ձայները չի ապահովել, մյուս մասն էլ չգիտի, թե ինքը պատգամավոր դառնալո՞ւ է, թե ոչ: Եվ, ընդհանրապես, անորոշության դոզան մեծ է:

Ուրախ չեն, բնականաբար, բոլոր այն ուժերը, որոնք ընտրակեղծիքների զոհ դարձան:

Ուրախ չէ անգամ Սերժ Սարգսյանը, քանի որ զգում է, որ 2018-ին՝ իր նախագահական լիազորությունների ավարտին, ինքը կախված է լինելու այսօր իրեն հպատակվող «ռեյտինգայիններից»: Իսկ դա նշանակում է, որ դեռ մշուշոտ է ՀՀԿ ղեկավարի՝ վարչապետական տարբերակով վերարտադրվելու հեռանկարը:

Այս տխուր պատկերի մեջ միակ ուրախը «Ելք» դաշինքը գլխավորող հաճախորդական եռյակն է. սրանց գցել են մեյդան հայրենիքը կրկեսի վերածելու ծրագրի շրջանակներում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը