Մեկնաբանություն

26.04.2017 09:10


Ծախվա՞ծ է արդյոք ժողովուրդը

Ծախվա՞ծ է արդյոք ժողովուրդը

Ապրիլի 2-ին տեղի ունեցած հանցագործությունից հետո հաճախ է հնչում «ծախված ժողովուրդ» ձևակերպումը: Նկատի ունեն այն, որ տեղի ունեցավ փողով քվեարկություն. մարդիկ փողը վերցրեցին իրենց մոտակա «ռեյտինգային» թեկնածուից և, վերջին հաշվով, քվեարկեցին ՀՀԿ-ի օգտին:

Ասել, որ այս ձևակերպման մեջ ճշմարտություն չկա, սխալ կլինի: Բայց ...

Այո՛, տեղի է ունեցել խայտառակ մասշտաբների հասնող փողաբաժանում: Ընտրակաշառքը մեծ ծավալներով դրվել է շրջանառության մեջ: Ահագին մարդ նույնիսկ իր բարեկամին ձայն չի տվել, այլ ծախվել է տեղական նշանակության «հեղինակությանը»: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի «ռեյտինգային» կոչված ընտրակարգն ամբողջությամբ ապաքաղաքականացրեց ընտրությունները՝ դրանք վերածելով «փող-ձայն» թեմայով քյարթու բազառի. աղքատ հասարակության մեջ դա դժվար չէ անելը:

Այս ամենը եղել է, և այս ամենը ճիշտ է, բայց սա բուն հանցագործության քողածածկույթն է: Շեղող «կուտը»:

Ընտրությունները հիմնականում կեղծվել են կրկնաքվեարկությունների, այլ ոչ թե ընտրակաշառքի միջոցով (ընտրության մասնակիցների քանակը ասվածի վառ ապացույցն է): Շրջիկ խմբերը, մի քանի անձնագրով քվեարկողները, չեղած հասցեների «բնակիչները» միասին ապահովել են ընտրության արդյունքները: «Ռեյտինգայինների» բաժանած փողերն ընդամենը եկել են լրացնելու «խփած» տոկոսին:

Այնպես որ, «ծախված ժողովուրդ» ձևակերպման միջոցով գնահատել անցած ընտրությունները, այնքան էլ ճիշտ չէ:

Բ26-ին ձեռնտու է «ծախված ժողովուրդ» ձևակերպումը, քանզի այդպիսով կարծես արդարացվում է գործող իշխանության վերարտադրությունը՝ «դե, փողը վերցրեցին ու ընտրեցին էս կեղտոտները. ի՞նչ կարող ես անել, սա՛ է մեր ժողովուրդը» թեմայով: Հետևաբար, պետք չէ մտնել այդ դաշտ և իշխանության ուզած խաղը խաղալ:

Այո՛, ժողովրդի մի մասը ծախվել է 10.000 դրամով, բայց դրա վրա շեշտը դնելը սխալ է, որովհետև իշխանությունն է մեղավոր այլասերման և կեղծիքների համար:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը