Մեկնաբանություն

26.04.2017 00:05


Իշխանությունները ժամանակ չունեն

Իշխանությունները ժամանակ չունեն

Իշխող ուժը «Ազգ-բանակ» թեմայով ճոխ համաժողով է անում, ռազմահայրենասիրական խորագրերով ծրագրեր են ներկայացնում, ծափ են տալիս, իսկ վերջին երկու օրերին զինծառայողներ են զոհվում: Էս էլ սրանց «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը (դեռ չենք նշում զոհված զինծառայողների թիվը նախընտրական շրջանում, ավելին՝ հունվարից սկսած. ցավալիորեն երկու տասնյակն անցնում է):

Իշխող ուժը ապրիլի 2-ի կեղծված ընտրությունների արդյունքներից մի թեթև ոգևորված (քանզի լիարժեք ուրախանալու հիմք չունի, ինքն էլ գիտի, թե ոնց է «հաղթել»)՝ հիմա ավելի «կարևոր» գործով է զբաղված ու իր նախընտրական կարգախոսի ժամանակը չունի: Մութ գործարքներով, ժողովրդին մոլորեցնող պաշտոնեական տեղաբաշխումներով է միտքն զբաղեցրել: Իբր, «բարեփոխվում» են ու թևերը քշտած գործի են անցնելու: Սին, փուչ, կեղծ «տքնանք»:

Իսկ ո՞ւմ է հետաքրքիր, թե որ ֆիգուրը որտեղից ուր է գնալու կամ ո՞ր մեկին են առաջ կամ հետ տանելու: Ժողովրդի համար այդ ամենը՝ եղած-չեղած: Քանզի՝ պահարանը նույնն է մնացել, դրա մեջ եղած «իրերն» էլ ավելի քան ծանոթ են ու «վեշելկաները» հետ ու առաջ տանելով՝ ոչինչ չի փոխվելու (ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակն էլ «հնոտի» է՝ մտածողությամբ. թող չխաբեն):

Ի դեպ, Կառավարության կազմն էլ նկատելիորեն չի փոխվելու: Անցած աշնանը շատերն այնպես արագ առաջ նետվեցին ու ընդունեցին ՀՀԿ-ի կրոնը, որ նախարարական աթոռների ներկայիս տերերը շարունակելու են «կլեյված» մնալ իրենց «նժդեհական» բազկաթոռներին:

Իսկ ԶԼՄ-ներին «սնունդ» է պետք, որ «ծամեն». գրեն ու գրեն, թե «անորոշությունը շարունակվում է ՀՀԿ-ում»: Մինչդեռ, անորոշ է երկրի ապագան: Տարին կիսվում է ու իշխող ուժը բոլոր գործերը մի կողմ թողած՝ սեփական վերարտադրությամբ է զբաղված: Կամ՝ շարունակում է վերարդատրությունը «պեչատելու» գործն ավարտին հասցնել: Սա՛ է մտահոգիչը:

Էդ ի՞նչ ծրագիր են կազմել, որ 2017-ի չորս ամիսն անցնում է ու դեռ ոչ մի քայլ չեն արել, ամեն ինչ թողել են բախտի քմահաճույքին ու դեռ Տարոնի հարցն էլ պետք է լուծեն, նոր միայն սկսեն «աշխատել»: Վա՜յ էն աշխատելուն, ինչը տեսել ենք անցած 9 տարիներին:

Նորմալ երկրներում օրվա բոլոր ժամերն են հաշվարկված, թե ինչ պետք է անեն ի նպաստ սեփական պետության և ժողովրդի, իսկ մեզանում իշխողները կարող են իրենց թույլ տալ ամիսներ շարունակ ընտրակեղծարարության ու նույն դեմքերի մասով «ռակիրովկաների» ռելաքսի մեջ մնալ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը