Աշխարհ

25.04.2017 13:15


Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է ևս 3 միավոր F-35 կործանիչ (տեսանյութ)

Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է ևս 3 միավոր F-35 կործանիչ (տեսանյութ)

Ապրիլի 23-ին Իսրայելն ԱՄՆ-ից ստացել է պատվիրված F-35 կործանիչներից ևս 3-ը: Կործանիչները վայրէջք են կատարել Իսրայելի հարավում տեղակայված ռազմաօդային ուժերի «Նևաթիմ» ավիաբազայում: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է իսրայելական Times of Israel լրատվակայքը:

Կործանիչները Իսրայել են հասցրել ամերիկացի օդաչուները: Ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո դրանք պաշտոնապես դարձել են Իսրայելի սեփականությունը: Իսրայելում կործանիչները հայտնի են նաև «Ադիր» անվանումով:

Ավելի վաղ՝ 2016-ի դեկտեմբերին, ԱՄՆ-ն առաջին երկու միավոր F-35 կործանիչ էր մատակարարել Իսրայելին: Ընդհանուր առմամբ Իսրայելը ամերիկյան Loocked Martin ընկերությունից պատվիրել է 50 միավոր F-35 կործանիչ՝ յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ: Նախատեսվում է մատակարարումներն ավարտել 2021 թվականին:

Ամերիկյան ընկերությունը բացի Իսրայելից F-35 կործանիչներ է արտադրում նաև Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Թուրքիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Նիդեռլանդների համար: Սակայն այս երկրներից մինչև այժմ միայն Ավստրալիան և Իսրայելն են ստացել:

F-35 կործանիչները հիմնականում արտադրվում են երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C, որոնք տարբերվում են ըստ նշանակության:

Իսրայելի կործանիչների մակնիշը լինելու է F-35I, որը F-35A կործանիչի՝ իսրայելական սարքավորումներով հագեցված տարբերակն է, սակայն մատակարարվող առաջին կործանիչների վրա կլինեն բազային-ամերիկյան սարքավորումներ:

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

Այս խորագրի վերջին նյութերը