Աշխարհ

25.04.2017 11:55


Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթը՝ այն չափազանց հայամետ որակելով

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթը՝ այն չափազանց հայամետ որակելով

Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

Թուրքական «Timeturk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, այն տեսակետն է արտահայտվել, թե Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ հրապարակված ԱՄՆ նախագահի ելույթը չափազանց հայամետ է ու միակողմանի, ինչը, ըստ թուրքական կողմի, պայմանավորված է հայկական համայնքի տարիներ շարունակ վարած քարոզչական գործունեությամբ: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Թուրքիան կոչ է արել ԱՄՆ-ի կառավարությանը «հարգել երկու կողմերի կրած տառապանքները» և հիշեցրել, որ Ստամբուլի Հայոց պատրիարքարանում այս տարի ևս հարգանքի տուրք է մատուցվել «Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված հայերի» հիշատակին:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ արարողության առթիվ հրապարակած հայտարարությունը արտացոլում է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը», -ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Աղբյուրը հիշեցնում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի՝ ապրիլի 24-ի առթիվ հրապարակել էր հետևյալ գրավոր հայտարարությունը:

«Այսօր մենք հիշում և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ես միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով անմեղ զոհերի հիշատակը և շատ ու շատ ուրիշների տառապանքները:

Մարդկային պատմության այս մութ էջերը վերագնահատելով՝ մենք նաև ողջունում ենք հայ ժողովրդի կենսունակությունը: Նրանցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անուրանալի նպաստ բերեցին մեր երկրին՝ միևնույն ժամանակ փայփայելով հիշողություններ իրենց պատմական հայրենիքի մասին, որտեղ իրենց նախապապերը ստեղծել էին անտիկ դարերի մեծ քաղաքակրթություններից մեկը:

Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»:

Այս խորագրի վերջին նյութերը