Մեկնաբանություն

15.01.2010 18:16


Ինչո՞ւ են «բերանները ջուր առել»

Ինչո՞ւ են «բերանները ջուր առել»

Հունվարի 12-ին հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումից հետո հայրենի իշխանական կոալիցիայի մաս կազմողներից շատերը  «լռության օրեր» են հայտարարել։ Նրանցից թերևս մի քանի հանրապետականներ, ովքեր միշտ պատրաստ են գովերգելու իշխանությունների իրականացրած յուրաքանչյուր քայլ, հերթապահ մի քանի նախադասությամբ դրական գնահատեցին այն, ու...այդքանը։

Որոշ հանրապետականներ պարզապես վստահ են, որ արձանագրություններն Ազգային ժողովում վավերացվելու են։ Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի եզրակացությունները՝ խորհրդարանը կհաստատի արձանագրությունները։

Իսկ մյուսներն ընդհանրապես լռում են։

Թե ինչով է պայմանավորված այդ լռությունը, խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ կամ, այլ կերպ ասած, չլռող պատգամավոր  Արմեն Մարտիրոսյանն ասում է, թե իր կարծիքով նրանք այդպիսի հրահանգ ունեն. «Հակառակ դեպքում մինչև այժմ իրենք մեկնաբանություններով են հանդես եկել, այժմ էլ հանդես կգային»։

-Կարծում եմ, որ Հայաստանի շուրջ, բայց ոչ Հայաստանի ակտիվ մասնակցությամբ, գործընթացներ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ տեղեկատվություն իշխանական դաշտի քաղաքական գործիչները չունեն, ուստի դրանով է պայմանավորված նրանց ձեռնպահ լինելը,– նշում է Ա. Մարտիրոսյանը։

Որ իշխանական քաղաքական դաշտի շարքային կուսակցականները կարող են տեղեկատվություն չունենալ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին, դա թեպետ և անտրամաբանական է, սակայն ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Բայց որ այնպիսի կարևորագույն հարցի վերաբերյալ, ինչպիսին հայ-թուրքական հարաբերություններն են,  այս պահին լռում են երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարների մեծամասնությունը՝ խոսքերն ավելորդ են։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Ա. Մարտիրոսյանը համոզված է, որ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի լռությունը ևս իր նշած՝ տեղեկատվություն չունենալու հանգամանքով է պայմանավորված, թեև, ըստ նրա, «վարչապետն այդքան էլ հաճախ չի հանդես գալիս մեկնաբանություններով, որովհետև ինչպես ինքն է ոչ մեկ անգամ նշել, արտաքին քաղաքականությամբ զբաղվում են նախագահն ու արտգործնախարարը»։

Թե որքան կտևի այդ լռությունը, հայտնի չէ, իսկ թե ինչպե՞ս նրանք կքվեարկեն արձանագրությունները վավերացնելիս, կարելի է միայն ենթադրել...

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը