Կարծիք

23.04.2017 19:59


Հետաքրքրաշարժ մաթեմատիկա կամ ասք լեգիտիմության մասին

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա կամ ասք լեգիտիմության մասին

Սրանք վերջին 10 տարում անցկացված համապետական (չ)ընտրությունների արդյունքներն են․

2007.05.12 – 2.317.810 – 1.375.733 (մասն․՝ 59,4%), (ՀՀԿ՝ 48,9%)
2008.02.19 – 2.390.000 – 1.667.995 (մասն․՝ 70,5%), (ՀՀԿ՝ 52,8%)
2012.05.06 – 2.523.101 – 1.559.052 (մասն․՝ 61,8%), (ՀՀԿ՝ 52,7%)
2013.02.18 – 2.527.822 – 1.521.261 (մասն․՝ 60,1%), (ՀՀԿ՝ 58,6%)
2017.04.02 – 2.588.468 – 1.575.786 (մասն․՝ 60,9%), (ՀՀԿ՝ 53,5%)

Նման արդյունքները ՀՀԿ-ն ու նրա արբանյակներից դուրս բոլորը պայմանավորել են ՀՀԿ ունեցած ու իր օգտին կիրառվող 400-600 հզ․ կեղծ քվեներով։ Այդ թվում այս հանգամանքն էլ հիմքում ունենալով՝ կազմակերպվել են հետընտրական գործընթացները։ ԱԺ անցած 4 ուժերը կարծում են, որ վերջին դեպքում դրանք չեն կիրառվել ու, հետևաբար, ԱԺ-ն լեգիտիմ է։ Հիմա 2 տարբերակ կա՝ կամ կիրառել են ու լեգիտիմ չէ, կամ էլ իրոք չի կիրառվել։

Ես, որպես քաղաքական անցուդարձին հետևող մեկը, կարող եմ պնդել, որ էս (չ)ընտրությունները թե՛ ընտրակաշառքի, թե՛ կիրառվող ճնշումների առումով մյուսներից շատ չեն տարբերվել, նույնիսկ մեղմ է եղել։ Կես միլիոն քվեն քվեարկությանը մասնակցողների 30%-ն է ու այլ պայմանների անփոփոխության դեպքում, դրա բացակայությունը անմիջապես կզգացվի թե՛ մասնակցության տոկոսի, թե՛ արձանագրված արդյունքների դեպքում։ Եթե չի կիրառվել ու թե՛ մասնակցության, թե՛ ՀՀԿ-ի ստացած քվեների դեպքում ունենք համադրելի թվեր, ուրեմն վերջին 10 տարում ժամանակի բոլոր ընդդիմադիրները ստել են։

Եթե կիրառվել է, ինչն ավելի հավանական է՝ նաև հաշվի առնելով այն փաստը, որ արդյունքները բողոքարկող ՕՐՕ դաշինքի փաստաբանները արտագաղթի ու կապիտալ շինարարության աճի պայմաններում հայտնաբերել են չգիտես որտեղից հայտնված 106.000 նոր հասցե։ Իսկ եթե կեղծ 500 հզ․ քվե է կիրառվել ու դա հանենք ՀՀԿ ստացած քվեներից, ապա կունենանք ԱԺ հետևյալ կազմը (չհաշված ռեյտինգային ընտրակարգով ԱԺ անցածներին)․
Մասնակցություն՝ 1.075.786
Ծառուկյան դաշինք՝ 39,9%
ՀՀԿ` 25,1%
Ելք` 11,3%
ՀՅԴ՝ 9,6%
Նրանց միջև բաշխվող լրացուցիչ տոկոսները՝ 14,1%

Ինչպես տեսնում ենք, «իշխանափոխությունը» կայացած փաստ կլիներ։ Բայց նույնիսկ այս դեպքում ԱԺ-ն լեգիտիմ չէր լինի, քանի որ կիրառվել են ընտրակեղծարարության բազմաթիվ այլ գործիքներ՝ դեռ չհաշված ՀՀԿ հագով «կարված» ընտրակարգը, ընտրությունների ապաքաղաքական բնույթը, ըստ էության, ընտրության բացակայությունը։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը