Կարծիք

22.04.2017 15:04


Խելքից դուրս պարտք են վերցնում՝ անունը դնելով «ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում»

Խելքից դուրս պարտք են վերցնում՝ անունը դնելով «ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում»

Հայաստանի կառավարությունը մտադիր է 1 միլիարդ 234 միլիոն դոլար նոր պարտք վերցնել, որը մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պարտավորվում ենք մինչև 2037 թվականը մարել՝ 12.5 տոկոս հավելավճարով: Առանց այն էլ պետական արտաքին պարտքը մոտենում է բոլորիս համար վտանգավոր ու սպառնացող շեմի՝ ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 5 մլրդ 996.2 մլն դոլար, հիմա էլ Սերժ Սարգսյանի իշխանությունն այդ ամենին ավելացնում է նոր պարտքեր, նոր տոկոսներ:
Դուրս է գալիս, որ ես մինչ խորը ծերություն պետք է պարտք փակեմ, բայց թե այդ պարտքից իմ կյանքում ինչ կփոխվի, լավ կապրե՞մ, թե՞ վատ, մեծ հաշվով «թքած» ունեն այս իշխանիկները: Այսքան տարիների կուտակած պարտքերից ի՞նչ դրական փոփոխություն է եղել, որ հիմա ակնկալում ենք. այնպես չէ, որ այդ պարտքերից մեր կյանքը բարեկեցիկ է դարձել, այնպես չէ, որ պարտք են վերձնում, որպեսզի ես իմ երկրում հաց վաստակելու խնդիր չունենամ, արտագաղթի աճը կանգնեցնեն, աշխատատեղեր ստեղծեն, աղքատության զգալի թվերը նվազեցնեն... Այս իշխանության գործելաոճն է այդպիսին՝ խելքից դուրս պարտք են վերցնում՝ անունը դնելով «ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում»:
Հա, ի դեպ՝ 2008-2016 թվականների ընթացքում, փաստորեն, Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 3 անգամ: Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան միջինը կուտակել են գրեթե կես միլիարդ դոլար պարտք: Եվ եթե առաջիկա հինգ տարիներին պարտքերի կուտակումները շարունակական բնույթ կրեն, շատ մոտ ապագայում այս իշխանությունը երկիրն էլ մեզ հետ միասին կվաճառի, բայց արտաքին պարտքերից չի ազատվի:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը