Կարծիք

21.04.2017 16:45


Հող է նախապատրաստվում նոր վարչապետի նշանակման համար

Հող է նախապատրաստվում նոր վարչապետի նշանակման համար

Երեկ ՀՀԿ-ականներն անցկացրեցին հերթական «ազգային ազատագրական» փիառ միջոցառումը՝ «Ազգ-բանակ» համաժողովը: Չգիտեմ՝ նպատակը որն էր, բայց այն շատ հարցերի ու մտահոգությունների տեղիք տվեց: Եթե մի կողմ դնենք այդ ազգային ազատագրական պաթոսը, ապա չոր մնացորդում ունենք ժամկետային զինվորական ծառայությունը 3 տարի դարձնելու իշխանության ցանկությունը:

Հերթական անգամ իշխանությունները խնդիրը փորձում են լուծել «ամենատապոռային» ճանապարհով, իրենց ախմախությունն էլ փաթեթավորել ժողովրդի կողմից, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալվող «ազգ-բանակ» գաղափարախոսության տակ: Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ ակնհայտ և շատ բարդ ֆինանսական խնդիրներ ունեցող պետությունն ի վիճակի է լինելու 5 մլն դրամ վճարել ժամկետային զինծառայողին, որ ինքը մի տարի էլ ծառայի: Եթե այդքան գումար կա, թող բանակը դարձնեն պրոֆեսիոնալ, պայմանագրային զինծառայողների աշխատավարձն էլ սահմանեն 300 հազար դրամ՝ տարեկան 3 մլն 600 հազար, որը 1 մլն 400 հազարով պակաս է 5 մլն-ից:

Իշխանության այսպիսի անհեռատես ծրագրերի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն այդ միջոցառմանը մի հետաքրքիր հանգամանք էլ կար: Այսինքն՝ հետաքրքիր հանգամանքը բացակայում էր. համաժողովին չէր մասնակցում վարչապետ Կարեն Կարապետյանը: Դեռ 3 շաբաթ առաջ հանրապետականներն ակտիվորեն օգտագործում էին վարչապետի կերպարը քարոզարշավի ընթացքում, Սերժ Սարգսյանն ու կուսակցության մյուս անդամներն էլ փորձում էին հնարավորինս շատ երևալ Կարեն Կարապետյանի կողքին: Պատճառը պարզ է՝ վարչապետի ռեյտինգն անհամեմատ ավելի բարձր է Սերժ Սարգսյանի և ամբողջ Հանրապետական կուսակցության ռեյտինգից:

Սա է նաև պատճառը, որ Սերժ Սարգսյանն ու մյուսները փորձում են այսօր տարանջատվել Կարապետյանից: Վարչապետի բարձր ռեյտինգն այսօր խանգարում է վերարտադրության ծրագրին: Եվ դա, հավանաբար, ծրագրում են անել մինչև Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը, որ սկսեն երկրորդ փուլը՝ վարչապետի վրա «քսի տան» գարաժից գարաժ թռվռացող ու ղժղժացող «ընդդիմությանը»: Սրանով հող է նախապատրաստվում նոր վարչապետի նշանակման համար: Այսինքն՝ «հեռացող նախագահը»՝ «գալացող վարչապետ», իսկ «նորեկ վարչապետը»՝ «գնացող»: Դրա համար էլ նորաթուխ պնախն էլ, մյուս երիտհանրապետականներն էլ փորձում են հնարավորինս հեռու մնալ վարչապետից՝ ընդգծելով իրենց հավատարմությունը կուսակցահայր Սարգսյանին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը