Կարծիք

21.04.2017 16:20


Ազգ-բանակ գաղափարը դառնում է ՀՀԿ-Սերժ Սարգսյան կոնցեպցիա

Ազգ-բանակ գաղափարը դառնում է ՀՀԿ-Սերժ Սարգսյան կոնցեպցիա

Ազգ-բանակ գաղափարը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշպանության գործին, իսկ այդ գաղափարի ծրագրերն առաջին հերթին պետք է բխեն հասարակության շահերից ու ցանկություններից: Իմ պատկերացմամբ՝ այսպես պետք է բնութագրել ազգ-բանակ կոնցեպցիան, և եթե հասարակությունը չդառնա այս գաղափարի սեփականատերը, ապա այն ոչ մի լավ բանի չի բերի։

Բայց Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սագսյանն ազգ-բանակ գաղափարի շուրջ միայն իրենց տեսակետներն ու ծրագրերն են առաջ տանում. չկա մասնագետների կարծիք, չկան խոր ուսումնասիրություններ, չկա ազգի, հասարակության ինչ-ինչ շերտերի մոտեցում, ներգրավածություն այս կամ այն ծրագրի շուրջ: Միայն կա մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի «դաբրոն», որն էլ չի բխում հասարակության շահերից:

Մենք չենք տեսնում ծրագրերի մոնիթորինգ, մենք միայն մամուլից ենք իմանում, որ պետք է աջակցենք բանակին, քանի որ որոշումն արդեն ընդունվել է:

Այո, այս գործելաոճով ազգ-բանակ գաղափարը դառնում է ՀՀԿ-Սերժ Սարգսյան կոնցեպցիա: Սրան ուրիշ անուն տալ չի լինում, և եթե հասարակության լայն շերտերը ներգրավված չեն գաղափարի շուրջ, ինչո՞ւ այն կոչել «Ազգ-բանակ»:

Գաղափարը երբ ներկայացվում էր, այդպես էր ներկայացվում, որ բանակը պետք է լինի տնտեսության առաջատար ճյուղը, բեռից վերածվի հզոր մի լոկոմոտիվի, որն առաջ կտանի տնտեսությունը: Բացի այդ, ժողովուրդն ինքը պետք է մասնակցի բանակի հետ կապված որոշումներին, բանակի հզորացման ու զարգացման հետ կապված հասարակության լայն շերտերի տեսակետը պետք է հաշվի առնել և նոր ծրագիր կյանքի կոչել, բայց, փաստորեն, այսօր մեր խոսքը դեր չունի, և անկախ մեր ցանկությունից՝ դառնում ենք Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումների դերակատարները՝ «լավություն ենք անում զինվորին» համատեքստում:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը