Կարծիք

13.12.2010 15:01


Խաղեր խաղալն այլևս վտանգավոր է

Խաղեր խաղալն այլևս վտանգավոր է

Լարվածությունը քաղաքական եւ տնտեսական դաշտում շարունակում է պահպանվել եւ ավելի մեծ ծավալներ է ընդունում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Եթե իշխանությունները ձեւավորվել են ընտրակեղծիքների եւ արյունահեղության ճանապարհով, ապա քաղաքական լարվածություն չէր կարող չլիներ: Եթե ընտրակեղծիքներով իշխանությանը տիրացած Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի գերնպատակը «մեկ օլիգարխի տնտեսության» ստեղծումն է, եթե այսօր մի քանի գերփողատերեր վայելում են մենաշնորհների առավելությունը, եւ եթե նույնիսկ ծծովի կոնֆետ ներկրելու համար անհրաժեշտ է «դաբրո» ունենալ, ապա տնտեսական դաշտում եւս հնարավոր չէ խուսափել լարվածությունից:

 Լարվածության թուլացման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ վարչախումբը  որեւէ քայլ չի անում իրավիճակը բարելավելու համար: Ավելին, նման մտադրություն էլ չունի: Հետևելով վարչախմբի առաջնորդների գործողություններին' պարզ է դառնում, որ նրանց նպատակը մեկն է' շարունակել կեղեքել բազմաչարչար եւ ստորացված ժողովրդին եւ սահուն կերպով իրականացնել վերարտադրվելու ծրագիրը: Այսուհանդերձ, ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան թվում է Սերժ Սարգսյանին եւ նրա թիմակիցներին:

Քաղաքականությունում եւ տնտեսությունում գոյություն ունեն չգրված օրենքներ, որոնք գործում են անկախ մեր ցանկությունից եւ կամքից: Պատահական չէ, որ այսօր վարչախմբի ներսում բավական լարված եւ պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Անզեն աչքով էլ երեւում է, որ Սերժ Սարգսյանը եւ նրա մերձավորները որոշել են իրականացնել «մեկ օլիգարխով երկիր» ծրագիրը եւ միաժամանակ նախապատրաստվել առաջիկա ընտրություններին: Իսկ ծրագրի իրականացումը նաեւ զոհեր է պահանջում: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում, միայն սառցաբեկորի երեւացող կողմն է:

Վարչախմբին սպասարկող լրատվամիջոցներն այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու համար, որ Հայաստանում հրաշք է տեղի ունեցել եւ գործող իշխանությունները որոշել են կարգ ու կանոն հաստատել պետական կառավարման համակարգում։ Ավելին, «պետականաշեն» որոշ լրատվամիջոցներ անթաքույց ակնարկում են եւ օլիգարխներին հասկացնում, որ այս ամենը Բեգլարյանով եւ Դանիելյանով չի ավարտվելու: Ընդ որում, նշվում է, որ առաջին թիրախներից մեկը լինելու է ԲՀԿ առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, որից Սերժ Սարգսյանը վաղուց ցանկանում է աջակցություն կորզել: Վարչախմբին եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներին, կարծես թե, թվում է, որ իրենք կկարողանան ժողովրդի մի զգալի զանգվածին համոզել այն, ինչ ուզում են: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր  այնքան են հոգնել այս վիճակից, որ իրենք իրենց կստիպեն հավատալ, թե տեղի ունեցող իրադարձությունները արդարության համար մղվող պայքար են եւ նորմալ քաղաքական գործընթաց: Ցավոք, իրականությունը բոլորովին այլ է:

Եթե տեղի ունեցողը քաղաքական գործընթաց լիներ, ապա Բեգլարյանի հրաժարականին անպայման պետք է հետեւեր ավագանու անդամ հանրապետականների հրաժարականը, ինչին պետք է հաջորդեր արտահերթ ընտրությունը: Այսօր Երեւանի ավագանու անդամ որեւէ հանրապետականի մտքով մանդատը վայր դնելու մտադրություն չի եղել, իսկ արտահերթ ընտրությունների մասին որեւէ մեկը, կարծես թե, չի մտածում: Ավելին, արտահերթ ընտրություններ չպահանջեց նաեւ ընդդիմությունը: Իսկ ցանկացած նորմալ եւ նույնիսկ կիսանորմալ երկրում քաղաքապետի նման սկանդալային հրաժարականից հետո անպայման կհետեւեին արտահերթ ընտրությունները: Ինչ վերաբերում է անհանդուրժելի երեւույթների դեմ պայքարին, ապա եթե իրականում այդպես լիներ, ապա այսօր բանտերում քաղբանտարկյալներ չէին լինի, ոստիկանական բաժանմունքներում մարդ չէր սպանվի, նախարարներն ու պատգամավորներն էլ բիզնեսով չէին զբաղվի: Այնպես որ, անհանդուրժելի երեւույթների եւ պետական կառավարման համակարգում առկա թերությունների վերացման մասին խոսք անգամ լինել չի կարող:

Այսուհանդերձ, տեղի ունեցող գործընթացները չեն կարող քաղաքական եւ տնտեսական դաշտում լուրջ փոփոխություններ չառաջացնել: Հնարավոր են էական տեղաշարժեր կոալիցիայի ներսում եւ ընդդիմադիր դաշտում: ԲՀԿ-ականների համար արդեն շատ պարզ է, որ առաջիկայում իրենց դեմ լայնածավալ գրոհ է սկսվելու: Ընդ որում, որքան էլ առաջին հայցքից տարօրինակ թվա, Սերժ Սարգսյանի թիմը չի թաքցնում, որ իրենք լիահույս են, որ վերջին պաշտոնանկությունները կբարձրացնեն Սարգսյանի վարկանիշը, որն առաջին հերթին ծանր հարված կլինի ԲՀԿ-ի համար: Մի կողմ դնելով այն հարցը, թե որքանով կհաջողվի այս ծրագիրը, ուշադրություն դարձնենք այն փաստին, որ գործող իշխանությունները (չշփոթել կոալիցիայի հետ) աննախադեպ ճնշում են գործադրում ԲՀԿ-ի վրա, փորձելով այս կուսակցությանը դուրս մղել քաղաքական մեծ խաղից: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանին եւ նրա մերձավորներին զայրացրել է այն փաստը, որ ԲՀԿ-ն մտադրություն է հայտնել հաղթել առաջիկա խորհրդարանի ընտրություններում: Այսպիսով, առաջիկայում պարզ կդառնա, թե ԲՀԿ-ն կկարողանա՞ դիմակայել ճնշումներին, թե՞ կկլանվի նախագահի նստավայրի կողմից: Իսկ առայժմ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է Ծառուկյանին հասկացնել, որ նա չի կարող խաղալ ընդդիմադիր դաշտում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այստեղ եւս տեղաշարժներն անհրաժեշտ են եւ անխուսափելի: Եւ եթե այս տեղաշարժերի արդյունքում ձեւավորվի այնքան անհրաժեշտ նոր ուժը (չշփոթել նոր դեմքերի հետ), որը կկարողանա դասեր քաղելով անցյալից եւ զերծ մնալով կուռքերի ազդեցությունից նոր խոսք ասել քաղաքական դաշտում, ապա դրանից միայն կշահի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, որը վաղուց սպասում է արմատական բարեփոխումների: Իսկ առանց նոր եւ թարմ շունչ բերող ուժի առկայության' քաղաքական ոլորտը սեփականացրած ուժերը ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն ունեն բարեփոխումներ իրականացնել: Ավելին, եթե քաղաքական դաշտում էական տեղաշարժեր տեղի չունենան, ապա իրավիճակը միայն կվատթարանա, քանի որ եթե նույնաբովանդակ խաղերը շարունակվեն, ապա մեր պետության հիմքերն ավելի խորը ճաքեր կտա:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա վերջին իրադարձություններից հետո այստեղ եւս փոփոխություններն անխուսափելի են: Դժվար չէ գուշակել, որ կսկսվի կապիտալի արտահոսք, դրանից բխող բացասական հետեւանքներով, բացի այդ, եթե նկատի ունենանք, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնում Տիգրան Սարգսյանը, ապա հասկանալի է դառնում, որ փոքր եւ միջին բիզնեսին եւս մեկ ծանր հարված կհասցվի, ինչի հետեւանքով Հայաստանը լքողների թիվը միայն կաճի:

Եւ կրկին միայն նոր մոտեցման, նոր ուժի առկայությունը կկանխի այս աղետը, որը կախված է մեր ժողովրդի գլխին:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը