Կարծիք

21.04.2017 12:30


Սերժ Սարգսյանին չխանգարող ուժերն այսօր հայտնվել են խորհրդարանում

Սերժ Սարգսյանին չխանգարող ուժերն այսօր հայտնվել են խորհրդարանում

Սերժ Սարգսյանին չխանգարող ուժերն այսօր հայտնվել են խորհրդարանում: Ապրիլի 2-ից հետո մի բան պարզ դարձավ՝ եթե առաջ ԱԺ-ում մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ կային, որոնք ԱԺ ամբիոնից ճիշտ դիտարկումներ ու հարցադրումներ էին անում, և մենք էլ համոզված էինք, որ ունենք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ապա այս ընտրություններից հետո պետք է ասել՝ մենք ունենք իշխանություն ու իշխանության հետ համագործակցող մանր ու միջին «ընդդիմադիր» ուժեր:

Ցավոք, պետք է փաստել, որ մեր օրենսդիր ու գործադիր մարմիններում միայն իշխանության ներկայացուցիչներն ու իրենց հետ «մերձեցած» քաղաքական ուժերն են մնացել, և այս ֆոնին իշխանության լճացումն անխուսափելի է: Եվ, փաստորեն, այս 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն իր համար այնպիսի քայլերի հաջորդականություն ընտրեց, որ քաղաքական դաշտը նույնպես մենաշնորհային դարձրեց՝ ի՛նքն է իշխանությունը, ի՛նքն է ընդդիմությունը, ի՛նքն է կոալիցիան և այլընտրանքը:

Սա շատ վտանգավոր երևույթ է, և եթե առաջ մենք մտածում էինք, գուցե նաև՝ ինքներս մեզ խաբում, որ ընտրություններից հետո երկիրը դրական առումով փոփոխություններ կկրի, ապա այսօր՝ ընտրություններից մեկ ամիս էլ չանցած, մենք կարող եք փաստել՝ այս ֆորմատով ու այս պատկերով մենք քաղաքական ու տնտեսական կյանքի շարունակական լճացում և հետընթաց ենք ապրելու: Իսկ երբ արտագաղթի մասին պաշտոնական թվեր հրապարակվեն, թող ոչ ոք չզարմանա, քանզի այն տրամաբանական զարգացումների և քաղաքական գործընթացների արտացոլանքն է:

Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը