Քաղաքական

20.04.2017 15:04


ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիները դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիները դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը:

Հիմնավորման համաձայն՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում օտարերկրացիներին ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված են այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք օտարերկրացիները ներկայացնում են ՀՀ մուտք գործելու նպատակով (այդ թվում` պետական սահմանի անցման կետերում) վիզա ստանալու համար: Այն դեպքում, երբ օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզա ստանում են պետական սահմանի անցման կետում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հիշյալ որոշմամբ սահմանվում է դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջ: Դիմում-հարցաթերթիկը լրացնելը պահանջում է տևական ժամանակ, ինչի արդյունքում ՀՀ պետական սահմանի անցման կետում առաջանում են կուտակումներ, հերթեր` առաջ բերելով անձանց դժգոհությունը: Մինչդեռ պրակտիկան ցույց է տվել, որ հարցաթերթիկում տվյալների մեծ մասը լրացնելու անհրաժեշտությունը կրում է ձևական բնույթ, քանի որ դրանք հաճախ լրացվում են սխալ, չեն ստուգվում և որևէ նպատակով չեն օգտագործվում:

Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող, ինչպես նաև տրամադրված մուտքի վիզայի ժամկետը ՀՀ տարածքում երկարաձգելու դեպքում դիմում-հարցաթերթիկի փոխարեն նախատեսել միայն դիմում լրացնելու պահանջ: Դիմումն իր մեջ պարունակելու է բացառապես անձի անուն ազգանունը, ինչպես նաև մուտքի համար անհրաժեշտ օրերի քանակը և անձի ստորագրությունը: Դիմումի առկայությունը անհրաժեշտ է պատշաճ վարչարարություն իրականացնելու, մուտքի համար տրամադրվող օրերի քանակի վերաբերյալ անձի հստակ կամարտահայտությունը ամրագրելու համար: Նման դիմումը լրացնելը անձի համար որևէ բարդություն չի ներկայացնելու: Այս դեպքում նաև լուսանկար ներկայացնելու պահանջն է վերացվում՝ քանի որ անձը հաստատող փաստաթղթում արդեն իսկ առկա է օտարերկրացու լուսանակարը:

Այս խորագրի վերջին նյութերը