Մեկնաբանություն

20.04.2017 14:30


Ժողովուրդը ոտ առել՝ գնում է, էս մարդը հայրենասիրությունից է խոսում

Ժողովուրդը ոտ առել՝ գնում է, էս մարդը հայրենասիրությունից է խոսում

Ժողովուրդը ոտ առել՝ գնում է, էս մարդը հայրենասիրությունից է խոսում: Սերժ Սարգսյանի ճառին արձագանքելու համար այս մի նախադասությունն էլ հերիք է: Բայց քանի որ վերամբարձ տոնը քմծիծաղ է առաջացնում, բաժակաճառային մակարդակի տեքստը հագեցած է անիրական խոտումներով ու խրատաբանությամբ, մի երկու նկատառում չենք կարող չանել:

Կեղծված ընտրություններից հետո արտագաղթի ավելի հզոր ալիքի նախանշանները բոլորիս աչքի առաջ են, իսկ իշխանական «էլիտան» հավաքվել ու համաժողով է անում՝ «Ազգ-բանակ» խորագրով: Ազգը քոչում է՝ դատարկելով բանակի թիկունքը, որը մնացել է 80-ականների զենքի հույսին: Բայց դե, նման տհաճ բաների, այն է՝ իրականության մասին «հաղթած» ուժի ղեկավարը հո չի՞ խոսելու. կեղծիքը փայփայելով՝ տասը տարի ճառում է ու նույն բաներն է ասում՝ գալիք տարիները լավ են լինելու: Հետաքրքիր է՝ էդ «գալիք տարիներն» ինչո՞ւ այդքան ուշացան. կարո՞ղ է՝ սպասում են Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը, որ նստեն-գան:

Այսպես, «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսն սկսում են կենսագործել ժողովների տեսքով (էս ինչքան պարապ են սրանք, ա՛յ մարդ):

«Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար...Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները»: Հո չե՞ք լացում: Ճիշտ է, լացացնում է, բայց մի կերպ ձեզ զսպեք:

Այս ի՞նչ «տիրոջ զգացման» մասին է խոսում իշխող ուժի ղեկավարը, որը ապրիլի 2-ին երկրի տերերին հերթական անգամ սարքեց ճորտ ու ստրուկ՝ ընտրակաշառքով, կեղծիքով, բռնությամբ ու ճնշումներով՝ ուզած «կայուն մեծամասնությունն» ապահովելով նոր խորհրդարանում: «Տիրոջ զգացում» ունեցող քաղաքացիներն ի՞նչ կարող են անել վարչական ռեսուրսն ըստ ցանկության օգտագործող իշխող ուժի և նրա ղեկավարի դեմ:

Տիրոջ զգացում ունենք, ավաղ, փող ու վարչական ռեսուրս չունենք: Մեր բաժին պատասխանատվությունն էլ ենք գիտակցում: Դա այն է, երբ պետք է ապրես «առանց ավելորդ շարժումներ անելու»՝ գրոշանոց աշխատավարձով ու թոշակով, գործազուրկ ու բոմժի պես: Քանզի՝ մեր գլխին «պրիստավ» կարգված ու իրենց լիարժեք «տերեր» հռչակածները մեզ այդքանն էլ են շատ համարում:

Դե, իսկ հայրենասիրություն, մարդասիրություն ու պատվախնդրություն ներարկող ուսուցիչների մասին չարժե խոսել: Հանրապետականացված հանրակրթության ոլորտում նման արժեքները նոնսես են. այնտեղ միայն հարազատ կուսակցության համար ցուցակներ կազմել գիտեն ու հլու ծառայել ՀՀԿ-ին: Նմաննե՞րը պետք է այդ արժեքները քարոզեն մատաղ սերնդին, երբ իրենց՝ Հանրապետական մանկավարժներին խորթ են այդ արժեքները: ՀՀԿ-ական տնօրենների հայրենասիրությունն ու պատվախնդրությունը սկսվում և ավարտվում է ՀՀԿ կենտրոնական շտաբի մատույցներում: «Մարդասիրությունը»՝ առաջնորդին զօրուգիշեր քծնել ծրագրի շրջանակում՝ նրա լուսանկարի ներքո նստելու և ընտրակեղծիքի մեքենայի թափանիվի արագությունը մեծացնելուն նպաստելու ձևով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը