Կարծիք

19.04.2017 13:35


Մեծ սիցիլիական ընտանիք՝ կլան

Մեծ սիցիլիական ընտանիք՝ կլան

Օրեր առաջ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը հանրապետականների պապան է, և որոշ լրատվամիջոցներ շատ արագ փոխառեցին այդ գաղափարը, և այսօր ՀՀԿ ղեկավարին փորձում են ներկայացնել «բազմազավակ բարի հոր» կերպարով, ով կրակն է ընկել իր «չարաճճի զավակների» ձեռքը։ Ուզում են մեզ համոզել, թե Սերժ Սարգսյանը վեր է այն բոլոր ապօրինություններից, որ կատարում են իր զավակ-ենթակաները, իսկ ինքը երբեմն նրանց կանչում և բարոյախրատական դասեր է կարդում, երբեմն էլ բարկանում նրանց վրա․․․գուցե և հայրական ապտակ տալիս։

Եվ ահա, այդ լրատվամիջոցներից մեկն այսօր գրել էր, թե Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել Բանանի Միհրանին և այդպիսի բարոյախրատական զրույց ունեցել վերջինիս հետ, ասել, որ բավարարվի դեպուտատությունով ու գործադիր իշխանության համակարգում պաշտոն չուզի։

Անկեղծ ասած, երբ նյութը կարդում էի, խնդալս գալիս էր։ Այնպիսի մանրամասնությամբ էր ամեն ինչ նկարագրված, ասես այդ լրատվամիջոցի խմբագիրն այդ ընթացքում Սերժ Սարգսյանի կաբինետի «զանավեսկի» հետևն էր թաքնված կամ նրա աշխատանքային սեղանի տակ։ Եվ գրում են, թե Սերժ Սարգսյանն արդարացել է անառակ որդու առաջ, թե ինքը թեև շատ է ուզում, բայց չի կարող Միհրան Պողոսյանին այլ պաշտոն առաջարկել, քանի որ իր անունը կապված է օֆշորային սկանդալի հետ։

Փաստորեն, Շարմազանովը ճիշտ էր ասում։ Ցանկացած երկրի կամ կուսակցության ղեկավար կփորձեր շտապ ազատվել մի մարդուց, ում անունը կապված է տնտեսական կամ այլ տիպի հանցագործությունների հետ, որպեսզի դա չազդեր իր և իր ղեկավարած քաղաքական ուժի հետ։ Բայց երբ Շարմազանովի տեսանկյունից ես նայում, ամեն ինչ պարզ է դառնում։ ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ մեծ սիցիլիական ընտանիք՝ կլան։ Եվ եթե կուսակցության ղեկավարը կարող է և պետք է ազատվի հանցագործ ենթականերից, հայրը չի կարող հրաժարվել իր հանցագործ որդուց։ Ավելին՝ Սերժ Սարգսյանը քանի որ «լավ հայր» է, նա նաև կարճեց Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը, որդուն էլ դեպուտատ դարձրեց։

Արդարության համար նշենք, որ ՀՀԿ-ի հայրն իր ոչ բոլոր որդիներին է հավասար սիրում․օրինակ՝ Տիգրան Սարգսյանի դեպքում, երբ նրա օֆշորային հաշիվները բացահայտվեցին, հայրիկը նրան ուղարկեց Ամերիկա, հետո էլ ԵԱՏՄ-ում ղեկավար պաշտոն դասավորեց։ Դե, իսկ Միհրանի՞ն․իսկ Միհրանին՝ մանդատ ու բանան։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը