Կարծիք

18.04.2017 11:40


Առանց մանդատ ապրեք այն երկրում, որ ինքներդ ձեր «ընտանիքով» կառուցել եք

Առանց մանդատ ապրեք այն երկրում, որ ինքներդ ձեր «ընտանիքով» կառուցել եք

Հանրապետականները շարունակում են ներկուսակցական ձայնագողության դեմ բողոքել: Եվ որքան էլ ՀՀԿ-ի ղեկավարությունը փորձի կոծկել կուսակցության ներսում եղած լարվածությունը, այն այնքան խորն է, որ շատ հաճախ դրա արձագանքները հասնում են նաև հանրությանը:

Եվ սա շատ բնական է: Ռեյտինգային համակարգը, որ ներդրվեց այս ընտրություններում, անխուսափելի բերելու էր նման երևույթների: Նորմալ երկրներում, որտեղ մրցում են կուսակցությունները, մեծ հաշվով, տարբերություն չկա, թե որ թեկնածուն կընտրվի կոնկրետ կուսակցությունից. կարևորը կուսակցության հաղթանակն է: Եվ ընտրարշավն էլ ֆինանսավորվում է մեկ կենտրոնից. կապ չունի՝ կուսակցության բյուջեն ձևավորվում է անդամավճարների՞ց, թե՞ համակիրների հանգանակություններով: Այս դեպքում կուսակցությունն է վճարում:

Սակայն ՀՀԿ-ի դեպքում ամեն ինչ այլ է. վճարում էին թեկնածուները: Եվ շատ էին վճարում՝ մրցելով միմյանց դեմ, կաշառք բաժանելով, ահաբեկելով մարդկանց և այլ ճանապարհներով փորձելով ձայն բերել հենց անձամբ ամեն մեկն իր համար: Եվ նրանք բերեցին, հաճախ մի տեղամասում առաջին մի քանի հորիզոնականները զբաղեցնում էին հանրապետական մրցակիցները, որոնցից միայն մեկ կամ երկուսն են անցել խորհրդարան: Իսկ մնացածը…դե, իսկ մնացածի ձայները գնացել են ՀՀԿ-ի համամասնական ցուցակին՝ այն անդեմ հանրապետականներին, որոնք ոչինչ չանելով՝ դեպուտատ են դարձել:

Եվ ՀՀԿ-ի համար, ՀՀԿ ղեկավարի համար, մեծ հաշվով, տարբերություն չկա, թե ով նրանցից կանցնի խորհրդարան: Սակայն ռեյտինգային այդ թեկնածուների համար այս հանգամանքը շատ կարևոր է: Եվ հիմա նրանք խաղից դուրս են մնացել:

Թերևս խնդալու է տեսնել, թե ինչպես են կարկառուն հանրապետականները բողոքում նրանից, որ իրենց ձայները գողացել են: Նույն այդ Վահրամ Բաղդասարյանը, որ ժամանակին երգում էր, թե մենք ինչ ժողովրդավարական ընտրություններ ունենք, այսօր, մանդատը կորցնելով, ընկել է դռնեդուռ ու լացում է, թե Դերժավայի Արկադը նրանից ձայն է գողացել: Թե բա, ասա՝ մի բուռ ազգ եք, ձայնի իմն ու քոնը ո՞րն է:
Բա ո՞ւր մնաց «մենք բոլորս մի ընտանիք ենք, Սերժ Սարգսյանն էլ՝ մեր հայրը»: Ինչ արել եք՝ «ընտանիքի» համար եք արել: Հիմա էլ հանգիստ, առանց մանդատ ապրեք այն երկրում, որ ինքներդ ձեր «ընտանիքով» կառուցել եք: Թե՞ Վահրամ Բաղդասարյանը վախենում է, որ առանց մանդատ չի կարողանալու պետության վզին իր օբյեկտի գազի պարտքը փաթաթել: Դե ոչինչ, բա ինքը հո մենակ չի այդպես. ուրիշներն էլ են, չէ՞, ուզում այդպես ռեստորան պահել, հարկեր չտալ, գազի համար չվճարել…

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը