Մեկնաբանություն

18.04.2017 08:00


Ինչու Սերժ Սարգսյանը նախընտրեց «Ելքը»

Ինչու Սերժ Սարգսյանը նախընտրեց «Ելքը»

2016ապրիլին հերթական անգամ երկխոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ Սերժ Սարգսյանը 2017ապրիլին հերթական անգամ «քցեց» ՀԱԿ առաջնորդի գլխավորած ուժին: Մինչև «քցելը» ՀՀԿ ղեկավարը հասցրել էր նաև Ընտրական նոր օրենսգրքի հարցում ստանալ ՀԱԿ աջակցությունը և դրսի աչքի համար լեգիտիմացնել «ռեյտինգային» խայտառակությունը:

Կան մի շարք պատճառներ, որոնք հաշվի առնելով էլ ՀՀԿ ղեկավարը նախընտրեց «պետպատվերով ընդդիմադիրների» դերում տեսնել «Ելք»-ին, այլ ոչ թե ՀԱԿ-ին: Իսկ այն հարցում, որ «Ելք»-ը «պետպատվերով» հսկայական աջակցություն է ստացել, երկրորդ կարծիք լինել չի կարող:

Բ26-ի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, սկսած հեռուստատեսությունից՝ մինչև թերթեր ու կայքեր, առավոտից երեկո զբաղված էին «Ելք»-ի քարոզով: Միայն այն փաստը, որ «Ելք»-ի ոչ պաշտոնական մամլո խոսնակի դերը ստանձնել էր «1in.am» կայքի ու «КГБ»-ական կեղծ մատնագրեր տարածող «Ժամանակ» թերթի տխրահռչակ ղեկավար Արման Բաբաջանյանը, արդեն հերիք է «Ելք»-ի ու Բ26-ի կապն ապացուցելու համար:

Կան տեղեկություններ, որ շրջիկ խմբերը ՀՀԿ-ից բացի՝ աշխատել են նաև «Ելք»-ի օգտին: Պատահական չէ, որ «Ելք»-ի ու ՀՀԿ-ի ձայները հիմնականում եղել են առավոտ շուտ ընտրություններին մասնակցողների քվեարկության արդյունքում. սկզբում աշխատել են ՀՀԿ-ի օգտին, հետո՝ «Ելք»-ի: Համաձայնե՛ք, որ շատ անբնական է, երբ որևէ ուժի ընտրազանգվածը կոնկրետ ժամի է քվեարկում: Տեղամասերից շատերում հենց այդպիսի պատկեր էր ստացվել:

Ասել, որ «Ելք»-ում բոլորը Բ26-ի հաճախորդներն են, կոպտագույն սխալ կլինի: Հաճախորդներ են դաշինքը գլխավորող եռյակը, քանզի սրանց վարքագիծն է այդպիսի գնահատական հնչեցնելու հնարավորություն տալիս: Մյուս «Ելք»-ցիների մասին նման բան հնարավոր չէ ասել:

Սխալ է նաև ասելը, որ «Ելք»-ն ընդհանրապես քվեներ չի ունեցել և խորհրդարան է անցել բացառապես իշխանական աջակցությամբ: Օբյեկտիվ հարցումները ցույց էին տալիս, որ «Ելք»-ն ունի շուրջ 4 տոկոս վարկանիշ: Դա նշանակում է, որ ընտրության մասնակիցների ուռճացրած թվերը պետք է համամասնորեն իջեցնեին «Ելք»-ի տոկոսները, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և «Ելքը» հավաքեց 7 տոկոսից ավելի, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ էր խորհրդարան անցնելու և ընդդիմադիր խմբակցություն դառնալու համար:

«Ելք»-ը Սերժ Սարգսյանի նախագիծն է (կապող օղակը Բ26-ի երիտթևն է), որի հիմնական գործառույթներն են՝

Ա. խորհրդարանում թամաշաներ սարքելը, պոպուլիզմով զբաղվելը, հայրենիքը կրկեսի վերածելն ու գոլորշի բաց թողնելը,

Բ. Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ «ընդդիմադիր» դիրքերից կռիվ տալը,

Գ. ներիշխանական «ռազբորկաների» և սեփականության վերաբաշխման գործընթացների ժամանակ ՀՀԿ ղեկավարի ձեռքում գործիքի դեր կատարելը,

Դ. Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերջնականապես վարկաբեկելը:

Եվ ամենակարևորը՝ «Ելք»-ը չի կարող վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի իշխանությանն ու իշխանափոխության գնալ, որովհետև նման խնդիր չի էլ դրել ու չէր էլ կարող դնել իր առաջ, քանզի ամիսներ առաջ միմյանց հայհոյողներին «վերևից» միավորել են այն նպատակով, ինչի մասին նշվեց վերևում: Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը նախընտրեց խորհրդարանում տեսնել «Ելք»-ին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը