Մեկնաբանություն

17.04.2017 13:45


Մինչև վերջ մնալու մոլուցքը

Մինչև վերջ մնալու մոլուցքը

Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում այդ պետությունը խորհրդարանականից կդառնա նախագահական:

Խոսվում է այն մասին, որ հանրաքվեն կեղծվել է փոքր քաղաքներում ու գյուղերում (փաստորեն, մի տնից չենք, բայց մի հալի ենք. Հայաստանում էլ նոր Սահմանադրությունն «անցավ» հիմնականում գյուղական համայնքների օգնությամբ):

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում Էրդողանի սահմանադրությանն «Այո» է ասել ընտրողների 51 տոկոսից ավելին: Այդպիսով Էրդողանը հնարավորություն ստացավ մինչև վերջ (Գալուստ Սահակյանի ականջը կանչի), այսինքն՝ ցմահ մնալ իշխանության ղեկին: Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ, այլ հարց է:

Էրդողանին «Ոչ» ասացին Թուրքիայի մեծ քաղաքները, ներառյալ՝ մայրաքաղաքը: Դա նշանակում է, որ Թուրքիայի առաջադեմ հատվածը դեմ էր քեմալիզմի վերացմանը և կողմ՝ աշխարհիկ պետության մոդելին ու եվրաինտեգրմանը: Էրդողանն առաջարկում է թեքվել դեպի իսլամն ու կոշտացնել իշխանական ուղղահայացը:

Թուրքական իշխանությունը նոր բան չի անում. բոլոր ավտորիտար ռեժիմների ղեկավարները մտածում են իշխանության ղեկին ցմահ մնալու մասին: Մի տեղ դա արվում է նախագահական կամ կիսանախագահական մոդելից խորհրդարանականին անցում կատարելով կամ հակառակը, մեկ այլ տեղ՝ անսահմանափակ քանակությամբ նախագահ դառնալու սահմանադրական հնարավորություն ստեղծելով: Տարբեր են իշխանությունը պահելու մեթոդներն ավտորիտար ռեժիմներում, բայց նույնն է ավտորիտար ղեկավարների նպատակն ու մոտիվացիան՝ ցմահ մնալ իշխանության ղեկին, քանզի իշխանության կորուստն ավելին է, քան պաշտոնազրկումը:

Մեր տնաբույծ ավտորիտար ղեկավարի մոտ էլ կա իշխանության ղեկին ցմահ մնալու ցանկություն, բայց ի տարբերություն իր կոլեգաների, որոնք անձնական շահը փորձում են համադրել հանրային ու պետական շահի հետ՝ ՀՀԿ ղեկավարի մոտ իսպառ բացակայում է անձնականից դուրս որևէ բան:

Լուկաշենկոն, Ալիևը, Էրդողանը, Պուտինը, Նազարբաևը և մյուս «ցմահները» ինչ-որ պետական գաղափար են դնում իրենց իշխանության հիմքում և փորձում կյանքի կոչել այն (թողնենք այն հարցը, թե որքանով է այդ գաղափարն ընդունելի կամ անընդունելի, կամ որքանով է այդ գաղափարն օգտակար կամ վնասակար), բայց Սերժ Սարգսյանի դեպքում չկա որևէ պետական առաքելություն: Նրա մոտ կա օրվա կուրսով շարժվելու ծրագիր և աթոռը պահելու գերնպատակ: Ուրիշ ոչինչ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը