Կարծիք

17.04.2017 13:10


Բաղրամյան 26-ում կամ Մելիք–Ադամյան փողոցում նման հավաքներ չի՞ անում

Բաղրամյան 26-ում կամ Մելիք–Ադամյան փողոցում նման հավաքներ չի՞ անում

Կարծես կրքերը ՍԱՍ-ի Արտակի շուրջ հանդարտվեցին, համենայնդեպս, «Ֆեյսբուքում», և կրկին անցանք հնդկական սերիալները քննադատելուն։ Բայց այս օրերին հասարակության, այսինքն՝ ժողովրդի արձագանքը բավականին մտահոգիչ էր։ Այնպիսի աղմուկ էր բարձրացել, կարծես ոչ ոք չգիտեր, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ այդպես է ձայներ հավաքում։ Մարդիկ պատրաստ էին խաչել Արտակ Սարգսյանին, կարծես ինքը ՀՀԿ-ի միակ կեղծարար բռնարարն էր, որ ապականեց այս «ազատ, արդար, պուպուշ» ընտրությունները։

Այդ ընթացքում մի տեսանյութ աչքովս ընկավ, որ լրագրողը հարցնում էր՝ պատրա՞ստ են մարդիկ բոյկոտել ՍԱՍ սուպերմարկետները և առևտուր չանել այնտեղից։ Հա, այդպիսի կոչեր էլ էին հնչում։ Բայց խնդալու է։ Մեր ձեռքից մեր հայրենիքն են խլել, ժողովրդին արժանապատվությունից են զրկել՝ ստիպելով մի երկու կոպեկի համար աշխատել նրանց համար ու ձայն տալ ընտրություններին, և արել են դա բոլոր հանրապետականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ դուք ասում եք՝ «ՍԱՍ-ի Արտակին բոյկոտենք»։ Բոյկոտող էիք, գնայիք ընտրություններից առաջ բոյկոտեիք, թե՞ ոչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում այդ ընկերության ներսում, իսկ աշխատակիցներին Վրաստան էին «ղրգում»՝ ձայն բերելու։

Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ես ՍԱՍ-ի Արտակին եմ պաշտպանում կամ փորձում հետ պահել «պայքարից» ու բոյկոտից։ Բոյկոտեք, եթե ուզում եք, բայց մի կարծեք, թե դրանով դուք պայքարում եք այդ արատավոր երևույթի դեմ։ Արտակ Սարգսյանը չլինի, Պետրոս Պողոսյանը կլինի, ի՞նչ տարբերություն։ Կարծում եք՝ Բաղրամյան 26-ում կամ Մելիք– Ադամյան փողոցում Շարմազանովի պապան նման հավաքներ չի՞ անում ու նույն կերպ իր «աշխատակիցներին» կանգնեցնում ու ամոթանք տալիս, մի բան էլ սպառնում, թե իր կաբինետի դռան տակ 100 հոգի կանգնած են, որ «ՍԱՍ գրուպը» վերցնեն ու աշխատացնեն՝ հանուն Սերժ Սարգսյանի բարօրության։

Այնպես որ, սխալ պահի ու սխալ հասցեով եք բոյկոտի թամաշան սկսել։ Սաղ դուզ էր, մի Արտակ Սարգսյանն էր պատկերը փչացնում․․․ամոթ է։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը