Աշխարհ

17.04.2017 11:37


Թեհրանը Երևանին և Բաքվին կոչ է անում ղարաբաղյան խնդիրը լուծել «առանց երրորդ կողմի միջամտության»

Թեհրանը Երևանին և Բաքվին կոչ է անում ղարաբաղյան խնդիրը լուծել «առանց երրորդ կողմի միջամտության»

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Ազատությունը գրում է, որ այս մասին երեկ Թեհրանում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը:

Իսլամական հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հնչել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում:

Ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավարը Թեհրան էր ժամանել կիրակի օրը` բազմամարդ մի պատվիրակության ուղեկցությամբ:

Իրանցի պաշտոնյաների հետ քննարկման հիմնական թեմաներից մեկն էլ ղարաբաղյան խնդրի կարգավորումն էր: «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն և երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա», - դիմելով իր ադրբեջանցի գործընկերոջը՝ երեկ նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

Հոսեյն Դեղանն, ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում, խոսել է նաև տարածաշրջանային խնդիրների մասին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ Թեհրանի, վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

«Ոչ միայն մեր տարածաշրջանն, այլև ողջ աշխարհն է այսօր ենթարկվում այն ահաբեկչական սպառնալիքներին, որոնց աղբյուրներն են «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և սիոնիստական ռեժիմը», - հայտարարում էր Դեղանը:

Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը նաև ակնարկում էր, թե իր կողմից հիշատակված ուժերից մի քանիսը ցանկանում են ամեն կերպ խոչընդոտել Բաքվի և Թեհրանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ արտաքին ուժերը խաթարեն Ադրբեջանի և Իրանի ռազմական համագործակցությունը: Մեր երկու ժողովուրդները սերտ հարաբերություններ ունեն նախևառաջ՝ էթնիկ, պատմական, մշակութային և կրոնական կապերի շնորհիվ: Մեր հարաբերությունները օր օրի ավելի են խորանում: Շատ լավ կլիներ եթե այդ հարաբերությունները զարգանային նաև պաշտպանական ոլորտում»,-նշում էր Հոսեյն Դեղանը:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը