Քաղաքական

15.04.2017 19:24


ՕՐՕ-ի հայտարարությունը իշխանությունների՝ վերջին օրերին սաստկացած ապօրինությունների վերաբերյալ

ՕՐՕ-ի հայտարարությունը իշխանությունների՝ վերջին օրերին սաստկացած ապօրինությունների վերաբերյալ

Ս.թ. ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները:

Ապրիլի 14-ին Վարչական դատարանը, իշխող ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության ակնհայտ ուղղորդմամբ, մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ստեղծել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային հատուկ սարքերում կուտակված մատնահետքերի միասնական բազա և կատարել դրանց համադրում՝ բացահայտելու համար կրկնաքվեարկությունները: Այսպիսով, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս արդարադատության համակարգը ծառայում է ոչ թե արդարության և օրինականության ապահովմանը, այլ իշխանությունների պարտադրված կեղծիքին:

Մինչ այդ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի հանդեպ կալանքի կիրառման և գրավի միջնորդության վերաբերյալ մերժման դեմ բողոքը: Այսպիսով, Անդրիաս Ղուկասյանը, մյուս բոլոր քաղկալանավորների և քաղբանտարկյալների պես, շարունակում է մնալ ճաղերի ետևում:

Մինչդեռ, այսպես կոչված, մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն, գերազանցելով իր լիազորությունները և ստանձնելով դատախազի կարգավիճակ, օրերս հանդես եկավ մեղադրական «եզրակացություններով»՝ Սարի թաղի դեպքերի հետևանքով մինչ օրս քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունների մասին: Նշված գործով քննությունն ավարտական փուլում է, և շուտով գործերը քննվելու են դատարանում, և դժվար չէ կռահել, թե ինչին է փորձում իշխանությունների պատվերով նախապատրաստել հասարակական կարծիքը մարդու իրավունքների կեղծ պաշտպանը:

Զուգահեռաբար իշխող վարչախումբը հարձակում է գործում իր ապօրինությունների բացահայտման ուղղությամբ քայլեր կատարած քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ: ՀՀԿ-ական ուսուցիչների կողմից նախընտրական շրջանում ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ 30 ուսուցիչների կողմից հայցերի կազմակերպված ներկայացումը դատարան ևս պետք է դիտարկել քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում: Այսպիսով, իշխանությունները իրենց կամակատարների ապօրինությունների իրավական գնահատականը տալու և դրանց հեղինակներին պատժելու փոխարեն քաղաքական հետապնդում են սկսել այդ ապօրինությունները բացահայտած հասարակական կազմակերպության դեմ:

ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ-ի անդամ Արտակ Սարգսյանի օգտին սեփական աշխատակիցներից ձայներ կորզելու՝ օրերս բացահայտված ապօրինի մեթոդաբանությունը ևս այլ կերպ, քան հաշվեհարդարի սպառնալիքներով ուղեկցվող քաղաքական հետապնդում անվանել հնարավոր չէ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դատապարտում է վերը թվարկված բոլոր ապօրինությունները և իր զորակցությունը հայտնում բոլոր քաղբանտարկյալներին և քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին և կազմակերպություններին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

15 ապրիլի 2017թ.

Այս խորագրի վերջին նյութերը