Կարծիք

14.04.2017 15:55


Արտակներն էլ իրեն պետք չեն. ցմահ պաշտոնի հասավ

Արտակներն էլ իրեն պետք չեն. ցմահ պաշտոնի հասավ

ՍԱՍ-ի Արտակի ժողովի ձայնագրությունը լսելուց հետո մի հատ խոր շունչ ես քաշում ու հասկանում՝ ձայնագրություն, որն արտացոլում է ազգի ու իշխանության թշվառության ու ստրկամտության նկարագիրը:

Սա՛ է մեր իշխանությունը՝ մարդկանց հետ կարող է «արա»-ով, «պարտավոր եք»-ով խոսել՝ այն որակելով որպես «խնդրանք», հետո դա դառնա պարտադրանք, կյանքի ու մահվան հարց: Եվ կա, ցավոք, նման հասարակություն, ով ծափ է տալիս այս ամենին ու լայն ժպտում է իրեն ցածրացնողին:

Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ասողն ու լսողներն իրար արժեն, թե ոչ, բայց փաստն այն է, որ մարդիկ նույնպես նրանց նման են մտածում՝ աշխատանքի են ընդունվել և պարտավորվում են անօրինական ծառայություններ մատուցել «շեֆերին»:

Սա ստրկամիտ մոտեցում է, որն առկա է իշխանական ցանկացած օլիգարխի աշխատաոճում, ինչն էլ խթանում է այս իշխանության վերարտադրումը: Այ, եթե ժողովի մասնակիցներից ամեն մեկն իր «կաշվի» մասին չմտածեր, ու բոլորով դուրս գային մեկի դեմ, այդ ժամանակ ես այս ստատուսում չէի գրի՝ իրինաներն ու սյուզիները վաճառեցին իմ ապագան՝ Փարիզի մեկ տոմսի դիմաց:

Ինչևէ, դա այևս աշխատող մեթոդ է, և նման ժողովներ, այն էլ՝ այս ֆորմատի, ցանկացած ՀՀԿ-ական ունեցել է՝ օգտագործելով վարչական ռեսուրսներն ու ուլտիմատումները: Անգամ եղել են այնպիսիք, որոնք է՛լ ավելի կոշտ ու կոպիտ են այդ հարցը դրել: Ուղղակի զարմանալի է՝ ինչու հենց ՍԱՍ-ի Արակը «դրբի տակ» ընկավ:

Ես միամիտ չեմ՝ կարծելու, որ ձայնագրություն անողն ու տարածողներն ուղղակի սովորական աշխատողներ են, ու գործից ազատվելուց հետո «վառված» տարածել են այս ձայնագրությունը: Մտածում եմ՝ եթե ճանճի դզզոցից անգամ Սերժ Սարգսյանը տեղյակ է լինում, ու նման քայլեն առանց իր «դաբրոյի» չեն անցնում, գուցե նա՞ է կազմակերպել այս ամենը՝ քիչ-քիչ իր ճանապարհից մաքրելով առյուծի փայ ունեցողներին:

Գուցե Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ է այս ոլորտն է՞լ իրենով անել ու ընտրություններից հետո ծուղակ է պատրաստել բոլորի համար: Ի՞նչ կա, որ. «միայն ինձ» սկզբունքով առաջնորդվող նախագահը դա էլ կանի՝ բոլոր ոլորտներում մենաշնորհային դիրքեր ունենալու համար: Ու բացի այդ, արտակներն էլ իրեն պետք չեն. ցմահ պաշտոնի հասավ, հիմա վայելելու ժամանակն է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը