Մեկնաբանություն

14.04.2017 13:15


Բ26–ի «SAS–ի Արտակ» օպերացիան

Բ26–ի «SAS–ի Արտակ» օպերացիան

ՀՀԿ–ի ձայներն ապահովվել են փողի, ընտրացուցակային մանիպուլյացիայի, շրջիկ խմբերի, ՀՀ–ի ժամանակավոր անձնագիր ստացած՝ Ջավախքից տեղափոխվածների ու այլ տեխնոլոգիաների միջոցով։ Այս մասին տեղեկությունները բերնեբերան փոխանցվում են ՀՀ քաղաքացիների միջոցով։ Ու որպեսզի մոտ 1,6 միլիոն մասնակիցների և ՀՀ քաղաքացիների ՀՀԿ–ասիրությունը հիմնավորվի (թեկուզև՝ «ռեյտինգային» թեկնածուների ճնշման արդյունքում), «Ելք» դաշինքի առաջին եռյակի շուրթերով ու այլոց միջոցով համոզեցվի, որ լեգիտիմ ընտրություններ են տեղի ունեցել, տարատեսակ շոուներ են կազմակերպվում, ու քավության կեղծ նոխազներ հրամցվում հանրությանը։ Փորձ է արվում ցույց տալ, թե, իբր, Սերժ Սարգսյանին արջի ծառայություններ են մատուցվել։ Մատուցողներն էլ, այսպես կոչված, օլիգարխներն են՝ «ռեյտինգային ջիգիթները»։

Այս պահին «բոբոյի» դերում ներկայացվում է տխրահռչակ SAS–ի Արտակը, ում շտաբի ձայնագրությունը հրապարակվել է համացանցում։ Այդ օպերացիայի նպատակը ՀՀ քաղաքացու զայրույթը «չար օլիգարխի» վրա թափելն է։

Այն, որ SAS–ի Արտակը ԱԺ ընտրությունների ժամանակ Երևանի Արաբկիր համայնքում փող էր պտտեցնում և աշխատողներին շահագործում, շատերն ահազանգում էին դեռ շաբաթներ առաջ, բայց, երջանիկ պատահականությամբ, իշխանությունները չէին նկատում այդ ամենը։ Նույն երջանիկ պատահականությամբ էլ շտաբի աշխատաոճի մասին ձայնագրությունը հանրության սեփականությունը չդարձավ ապրիլի 2–ից առաջ, երբ կարող էր ինչ–որ չափով օգուտ տալ հանրությանը, այլ «Յութուբում» հայտնվեց ապրիլի 13–ին, երբ պետք էր կեղծ թիրախներ մատակարարել տեղեկատվական դաշտ։

Հիմա, երբ տոկոսները «խփված» են, պետք է մի թամաշա, որպեսզի համ հանրային ուշադրությունը բուն խնդիրը թողած՝ այլ տեղ կենտրոնանա, համ էլ սեփականության վերաբաշխման կամ ներքին «բազառների» շրջանակնում SAS–ի Արտակին Բ26–ը բերման ենթարկի։

Մի խոսքով, «Վա՜յ, հլա նայեք՝ ինչ կեղտոտի մեկն է Արտակը, և ինչպես է կրակն ընկել սրա նմանների ձեռքը խեղճ Սերժ Սարգսյանը, և ուրեմն, եկեք օգնենք վերջինիս, որպեսզի ազատվի արտակներից» բլեֆը բացարձակապես կապ չունի հանրային ու պետական շահի հետ։

Բ26–ն արտակներին դրդել է ընտրակեղծիքի ու միաժամանակ կոմպրոմատներ հավաքել նրանց դեմ, որպեսզի հարմար պահի «ժողովրդական զանգվածների պահանջով» խլի սրանցից սեփականությունը, շարունակի կառուցել «Մեկ օլիգարխի տնտեսություն» և այդ գործընթացը «անկախ» մամուլի միոջոցով ներկայացնի որպես հակաօլիգարխիկ պայքար և բարեփոխում։

Ահա այսպիսի բաներ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը