Քաղաքական

12.12.2010 10:04


ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հերքել է

ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հերքել է

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ հայտնել էր, որ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին առևանգելու և ծեծելու կապակցությամբ։

-Որքան ինձ հայտնի է, ՀՀ նախագահը կարգադրել է նաև քրեական գործ հարուցել, որովհետև քաղաքապետի գործողություններում կար քրեական օրենսգրքով հետապնդվող 2 արարք' ծեծը, որի հետևանքով թեթև վնասվածք է ստացել տուժողը, և առևանգումը,-ասել էր Ռաֆիկ Պետրոսյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն ավելացրել էր նաև, որ հետաքննություն պետք է անցկացվի և եթե հետաքննությամբ պարզվի, որ Բեգլարյանն իսկապես առևանգել է, ապա մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսվում այդ հոդվածով: Իսկ եթե հաստատվի, որ միայն ծեծն է, որի հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել, և տուժողը չբողոքի, ապա գործի վարույթը կկարճվի:

Սակայն, ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը քրեական գործ հարուցելու կարգադրության մասին տեղեկատվությունը հերքել է։

-Քրեական գործերը նախագահի ցուցումով չեն հարուցվում, դրանց օրենսդրական հիմքերը հայտնի են, և Ռաֆիկ Պետրոսյանը այն մարդը չէ, ով լիազորված է նախագահի ցուցումների մասին տեղեկացնել հանրությանը,-ասել է Ա. Արզումանյանը,-բնականաբար նման ցուցում չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը