Մեկնաբանություն

14.04.2017 09:13


Փոխենք աշխարհը՝ գրաքննություն հաստատելով

Փոխենք աշխարհը՝ գրաքննություն հաստատելով

Դանիել Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության դեմ 30 դպրոցների և մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենների կողմից ներկայացված դատական հայցը (հայցերը) և վերջիններիս «նախաձեռնողականությունը» ողջունող ու սատարող հարազատ կուսակցության մոտեցումը չարագուշակ ահազանգ է այն մասին, որ երկիրը թևակոխում է գրաքննության «դարաշրջան»:

Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը չափազանց խոսուն է. «Բոլորիս է հետաքրքիր՝ որտեղ է անձի իրավունքների, ազատությունների սահմանը, որտեղ է անձերի պարտականությունների մեկնարկը, որտեղ է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանրային հսկողության տիրույթը, որտեղ է այն վերածվում արդեն որոշակի տեղեկատվական ահաբեկչության, որտեղ է նա իրականում ապահովում թափանցիկություն և օրինապաշտություն: Այս ամենը կերևա դատական նիստերի ժամանակ»:

Նույն Աշոտյանը կուսակից տնօրենների քայլը շատ լավ նախադեպ է համարում: Աշոտյանն, ըստ էության, ասում է՝ «Բա ո՞նց, սրանից հետո ով մի թթու խոսք կասի իշխանության հասցեին, նրան բռնելու ու դատելու ենք: Ամեն ինչ պետք ա վերահսկվի, ամեն ինչ՝ յուրաքանչյուր խոսք ու հնչյուն, բառ ու նախադասություն, որպեսզի կանխենք մեր դեմ տեղեկատվական ահաբեկչությունը, ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց»՝ բա ինչի՞ համար էր: Հե՛նց նրա համար, որ մեր դեմ տեղեկատվական ահաբեկչությունը կարողանանք կանխել»:

Փաստերը, ձայնագրությունները՝ հեչ: Ոչ ոք այսուհետ չպետք է համարձակվի ինչ-որ բացահայտում անել ու ասել, որ իշխող ուժը օգտագործում է վարչական ռեսուրսը՝ բռնաբարելով ընտրական համակարգը: Ոչ ոք այսուհետ իրավունք չի ունենալու քննադատել իշխանությանը՝ գործած ապօրինությունների, «քաղաքական կոռուպցիայի» (ԵՄ դեսպան Սվիտալսկու ականջը կանչի), ընտրակաշառք բաժանելու, ընկտրակեղծիքներ ու խախտումներ թույլ տալու, թալանի, սոցիալ-տնտեսական խայտառակ իրավիճակի, արտագաղթի և երկրին սպառնացող այլ մարտահրավերների համար (շուտով բանը կհասնի սոցցանցերի օգտատերերին և Բ26-ի կողմից չվերահսկվող մի քանի լրատվամիջոցներին):

Աշոտյանն, ուղղակի, հնչեցնում է իր կուսառաջնորդի ցանկությունը, որը պատրաստվում է «դնչկալ» դնել բոլոր այն մարդկանց բերանին, ովքեր ասում են ճշմարտությունը ՀՀԿ-ի և նրա ղեկավարի հակաժողովրդական գործունեության, ապիկար գործելակերպի ու վնասարար կառավարման մասին:

Ախր, դեռևս 2013-ի նախագահական ընտրությունների հետընտրական օրերին էր Սերժ Սարգսյանը նման զգուշացում արել (ընտրովի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ): Ի դեպ, այդ ժամանակ նա պատասխանեց այն լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին, որը Դանիելի անձնական կյանքին վերաբերող հոդված հրապարակեց վերջերս: 2013-ին նույն այդ լրատվամիջոցի ներկայացուցիչը բողոքում էր միտինգային հարթակից Ռուբեն Հախվերդյանի արած հայտարարությունների դեմ և իր հարցն ավարտեց այսպես՝ «Արդյոք ինչ-որ սահմաններ այդ ամենում դնել պետք չէ՞»: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշեց. «Ոչինչ, որ հրապարակային վիրավորանքները, հայհոյանքները մի քիչ շատացել են: Ոչինչ, որ ամենահեշտ գործը դարձել է նախագահին հայհոյելը: Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք: Եվ ոչ միայն դատարանների միջոցով»:

Այնպես, որ՝ ցմահ իշխելու մտադրությամբ կամ՝ «մինչև վերջ մնալու» հաստատակամությամբ իշխանության գլխին նստած Սերժ Սարգսյանից ամեն ինչ սպասելի է: Նախ՝ գրաքննության հաստատում: Ինչին հասնելու «հաղթական» քայլերից մեկը ՀՀԿ-ական տնօրենների կողմից նշված կազմակերպությանը դատի տալու և այդ ամենին ծափահարող ՀՀԿ-ի որոշումն է (դե, ավտորիտար ՀՀ-ում, ինչպիսին վերջերս համարեցին մեր երկիրը միջազգային զեկույցներից մեկում, դրան հետևելու էր գրաքննության հաստատումը):

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը