Մեկնաբանություն

12.12.2010 12:10


Չկա պաշտոն, չկա՞ մարդ

Չկա պաշտոն, չկա՞ մարդ

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության հետ կապված պատմությունը բավականին զավեշտալի սցենարով տեղի ունեցավ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի բացատրություններն այս կապակցությամբ պարզապես արժանի էին հումորային հաղորդման սցենարի մաս կազմելուն։  

Ոչ պակաս զավեշտալի ու ցավալի երևույթների հանդիպեցինք նաև Դանիելյանի պաշտոնազրկումից հետո. տարատեսակ դեմքերի արձագանքները բավական ուշագրավ էին։ Արդարադատության այլևս նախկին նախարարի մասին այնպես էին արտահայտվում՝ կարծես մարդն այլևս չկա, մեռել է, իսկ դա շատ անբարոյական մոտեցում է։

«Նա լավ մասնագետ էր», «նա պարկեշտ պաշտոնյա էր», «նա լավ մարդ էր» և այսպես շարունակ։ Այս ոճով էին արտահայտվում Գ. Դանիելյանի կուսակից ընկերները, պատգամավորները, մեծ ու փոքր պաշտոնյաները, երբ նա դարձավ նախկին նախարար։

Թվում է, թե վատ բան չկա։ Մարդու հասցեին նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո գովեստի խոսքեր են շռայլում, ինչը քիչ է պատահում մեր դժնդակ օրերում։ Սակայն ուշադրությու՛ն դարձրեք. արդարադատության նախկին նախարարի որպես մարդու մասին անցյալ ժամանակով են արտահայտվում բոլորը, բայց այդպիսի դրական վերաբերմունք ցուցաբերում են միայն... հանգուցյալների նկատմամբ։

«Էր» օժանդակ բայի գործածումը ցույց է տալիս, որ իշխանական խոհանոցում մարդուն գնահատում են միայն պաշտոնով։ Եթե տվյալ անձը պաշտոն չունի, ապա նա, ըստ իշխանական բարքերի, այլևս գոյություն չունի և նրան գովելիս պետք է օգտագործել «էր»-ը՝ մասնագետ էր, լավ մարդ էր և այլն։ Ստացվում է, որ չկա պաշտոն, չկա՞ մարդ։ Սա՞ է իշխանության խաղի կանոնը։ Դատելով ամենից՝ հենց այդպես էլ կա։

Փաստորեն, ոհմակային մտածելակերպն արդեն ամբողջությամբ ներծծվել է պետական կառավարման համակարգի մեջ (վիրավորին հոշոտում են), իսկ ներքին անցուդարձի ողջ կեղտն այնքան շատ է, որ իշխանություններն այլևս անկարող են գարշահոտության դեմն առնել։

Պատկերացնել կարելի է, թե ինչ է լինելու Սերժ Սարգսյանի հետ, երբ նա այլևս նախկին նախագահի կարգավիճակ ստանա։ Վախենամ ստիպված լինեմ պաշտպանել «ֆուտբոլասերին», բայց երևի չեմ հասցնի։ Նրան կհոշոտեն իր իսկ «յուրայինները»։ Ու հոշոտողներին էլ չես կարող մեղադրել,  քանի որ նրանք ներսից ավելի լավ են տեսել, թե ՀՀԿ «ճկուն» նախագահն ինչեր է արել։ Բացի այդ՝ Սարգսյանն արժանի է «յուրայինների» ձեռքն ընկնելուն ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը