Կարծիք

11.04.2017 16:25


ՀՀԿ-ի տարած «ջախջախիչ» հաղթանակն իրականում բավականին փխրուն է

ՀՀԿ-ի տարած «ջախջախիչ» հաղթանակն իրականում բավականին փխրուն է

Թեև իշխանական, մերձիշխանական և որոշ «ընդդիմադիր» ուժեր անընդհատ խոսում են ՀՀԿ-ի տարած «ջախջախիչ» հաղթանակի մասին, հաղթանակն այդ իրականում բավականին փխրուն է։ Նախ՝ ասեմ, որ ժողովրդին ջախջախելու մեջ որևէ լավ բան չկա ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև քաղաքագիտական։ Ժողովրդին հուսահատության հասցնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Բայց ինչևէ․․․ընտրությունից ընտրություն «հաղթանակն» իշխող ուժին տրվում է ավելի բարձր գնով։ Այս անգամ էլ Սերժ Սարգսյանն իրար դեմ հանեց իր իսկ թիմակիցներին՝ հանրապետականներին ստիպելով անզիջում պայքար մղել միմյանց դեմ։ Ընդ որում, նրանք պայքարում էին առանց որևէ երաշխիքի։ Այսինքն, մրցում էին, գումար էին ծախսում՝ Սերժ Սարգսյանին իրենց հավատարմությունն ապացուցելու և նրան ծառայելու համար։

Եվ հիմա ստացվում է, որ պայքարի մեջ մտած այդ հարյուրավոր թեկնածուներից, որոնց մեջ մեծ էր հանցավոր աշխարհի ներկայացուցիչների, միջին և խոշոր գործարարների, թաղային հեղինակությունների թիվը, խորհրդարան անցան ընդամենը 5 տասնյակ։ Բա մնացա՞ծը։ Չէ՞ որ նրանք էլ են գումար ծախսել և մրցելով միմյանց դեմ՝ ռեկորդային ընտրակաշառքներ բաժանել և այլ ճանապարհներով ռեսուրս ծախսել։

Արդյունքում՝ նրանց փողերով խորհրդարան անցան համամասնական ցուցակները՝ ՀՀԿ-ին տված ձայների ընդհանուր հանրագումարով։ Եվ հիմա այդ մարդիկ դժգոհ են և պահանջում են վերադարձնել իրենց գումարները։ Լուրեր են պտտվում, որ դժգոհություններն այնքան շատ են, որ Սերժ Սարգսյանն անձամբ է ստիպված միջամտել, կաշառել այդ մարդկանց, որ այս խնդիրը հրապարակային քննարկման առարկա չդարձնեն։ Ասում են, որ Սերժ Սարգսյանը ստիպված է պաշտոններ խոստանալ այդ մարդկանց։ Բայց սա էլ է խնդիր․․․բարձր պաշտոններում այսօր պատահական մարդ չկա, բոլորն էլ իրենց պաշտոնը ստացել են Սերժ Սարգսյանի համար ինչ-որ բան անելու կամ նրան ինչ-որ ձևով մտերիմ լինելու շնորհիվ։ Եվ այսօր այդ մարդկանց նորերով փոխելը վտանգավոր է։

Մյուս կողմից էլ, խորհրդարան անցածները շատ հնարավոր է՝ իրենց պահանջները ներկայացնեն Սերժ Սարգսյանին, քանզի երբ օրը գա, այդ 5-6 տասնյակ պատգամավորներից յուրաքանչյուրի ձայնից է կախված լինելու Սերժ Սարգսյանի ապագան, և այդ մարդիկ այսօր այդքան գումար ծախսելով հասկանում են՝ ինչի համար են այդքան թանկ վճարել այդ մանդատի համար։

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը