Տնտեսական

12.03.2009 20:03


2009 տնտեսական տարին ամենածանրագույնն է լինելու

2009 տնտեսական տարին ամենածանրագույնն է լինելու

Կենտրոնական Բանկի նախկին նախագահ,  ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանի կանխատեսումներով 2009 տնտեսական տարին ամենածանրագույնն է լինելու, որ արտահայտվելու է բարձր գնաճով, արտերկրից եկող տրանսֆերտների կրճատմամբ և գործազուրկների թիվի ավելացմամբ։ Լուրջ վնաս են կրելու նաև շինարարության, սպասարկման և արդյունաբերության ոլորտները։

Ըստ բանախոսի, իշխանությունները շռնդալից բյուջե են ներկայացրել, որի պակասորդի լրացման բեռը մեծ մասամբ ընկնելու է փոքր և միջին բիզնեսի վրա։

- Պաշտոնական հայտարարություն եղավ, որ բյուջեի եկամուտները չեն հավաքագրվում։ Գիտենք ինչ համակարգ է հարկային տեսչությունը։ Ինչ եք կարծում, ու՞մ վրա հարկային տեսուչի ուժը կպատի, իհարկե փոքր և միջին բիզնեսի։ Ոչ մի հարկային տեսուչ ռիսկ չի անի մտնել այն գործարարի մոտ, որը կամ պատգամավոր է, կամ նախարար։

Նա նաև համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը ռեզերվներ  ունի գնաճը զսպելու համար։ Այդ ռեզերվները հացահատիկի և էներգակիրների ոլորտներում են, քանի որ միջազգային շուկաներում նկատվել է դրանց գների իջեցում։

- Մի քանի գործոն կա դրամի արժևորմանը նպաստող, դրանք են՝ ներմուծման ծավալների կրճատումը, միջազգային տնտեսությունում գնանկումը, որը հիմնականում ներկրվող ապրանքատեսակների ոլորտում է տեղի ունեցել։ Խոսքը էներգակիրների, սննդի, հաց-հացահատիկի ոլորտների մասին է, որտեղ մեր երկիրը մեծ ռեզերվներ ունի ։ Օրինակ, Հայաստանի հացի մատակարարման հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ ցորենի գինը երկու անգամ կրճատվել է, ինչի շնորհիվ հացի գինը մինչև տարեվերջ նվազեց,- ասել է Բ.Ասատրյանը։>

Մարտի 3-ին դրամի կտրուկ արժեզրկման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ Բագրատ Ասատրյանն ասել է, որ նման վայրիվերումները վտանգավոր են պետության տնտեսության համար և այդ ամենից հետագայում խուսափելու համար անհրաժեշտ են լուրջ համակարգային փոփոխություններ։

Այս խորագրի վերջին նյութերը