Մեկնաբանություն

11.04.2017 14:15


Բ26–ի «հուժկու» արձագանքը

Բ26–ի «հուժկու» արձագանքը

Մոտ տասը տարի Բաղրամյան 26-ում նստած Սերժ Սարգսյանը երբևէ չի արձագանքել հասարակական մեծ ու փոքր հնչեղություն ունեցող որևէ իրադարձության, դեպքի, եղելության: Կարծես, այն ամենը, ինչ կատարվում էր երկրում, առաջնագծում կամ երկրի սահմաններից դուրս, իրեն չէր վերաբերում: Հանրությունն ալեկոծվում էր, իրեն պատեպատ էր տալիս, իսկ պալատից շշուկ չէր լսվում: Ոնց որ այնտեղ մարդ չկա:

Հիմա, երևի, «պառլամենտական մոդելին» անցումն է «ստիպել» ՀՀԿ ղեկավարին Դավթաշեն համայնքում կատարված ապօրինի ծառահատման դեպքին արձագանքել (այն էլ՝ մամուլի քարտուղարի փոխանցմամբ):

«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,– Սարգսյանի գնահատականն «Արմենպրես»–ին փոխանցել է մամուլի քարտուղարը։

Եթե սկսենք թվարկել մեր երկրում վերջին տասը տարիներին արձանագրված ապօրինությունների ու բարբարոսական արարքների թիվը, ապա այդ շարքը ոչ մի կերպ չենք կարողանա ավարտել: Իսկ եթե այդ ամենի «արդյունքը» ընդհանրացնելու լինենք, ապա պետք է ասենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում բոլոր ոլորտներում արձանագրված բացասական ցուցանիշներն իսկական բարբարոսություն են ՀՀ-ում ապրող քաղաքացիների նկատմամբ (արտագաղթ, աղքատություն, գործազրկություն, տնտեսության փլուզում, գաղջ և այլն): Սարգսյանը համագումարային ամբիոններից այս ամենի մասին երբեք չի խոսել, շրջանցել է այս թեմաները կամ արդարացրել իր ու իր ղեկավարած ուժի անգործությունը: Դե, մեկուկես հարցազրույցն էլ որ տվել է, հայտնի են այդ բեմադրված թամաշաները:

Հանցագործությունների, չարաշահումների, բյուջեն մսխելու, «ատկատների», օֆշորային սկանդալների, մարզային բդեշխների կողմից դրսևորած սանձարձակությունների, անխնա թալանի և նման «մանրուքների» մասին էլ երբևէ բառ չի ասել, ոչ մի գնահատական չի հայտնել: Լռեց նաև զենք ու զրահով, արյունալի «ռազբորկաներով» ու «սամասուդ»-ներով արձանագրված նախընտրական փուլի մասին, ինչպես նաև որևէ կերպ չանդրադարձավ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու նպատակով կազմակերպված ցուցակագրումների անօրինական «նախաձեռնողականությանը»: Սա՛ էլ բարբարոսություն է ընտրողների հանդեպ:

Ի վերջո, իբրև մարդ չզորեց անգամ մեկ բառով ցավակցել Հաց բերողի հարազատներին, որը հե՛նց իրավական համակարգի զոհն էր: Տասը տարի ժողովրդի դեմ գործում են որպես բարբարոսներ՝ թշվառության, անտերության մատնելով ու գաղթի մղելով նույն ժողովրդին, հիմա հանկարծ մի համայնքում կատարվածը որոշեց «բարբարոսություն» գնահատել:

Անշուշտ, բարբարոսություն է այն, ինչ տեղի է ունեցել, բայց դրա արմատները պետք է փնտրել տասնամյա կառավարման շրջանում ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող բարբարոսական քայլերի, արարքների ու որոշումների շրջանակում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը