«Ասում են՝ Վիքիլիքսի մինչ այժմ տարածած գաղտնի փաստաթղթերի ծավալը գերազանցել է ողջ աշխարհի լրատվամիջոցների երբևէ տարածած նման փաստաթղթերի ծավալը: Դա հնարավո՞ր է:»
Այս հարցին՝ «TED» հանրաճանաչ միջոցառմանը որպես բանախոս հրավիրված Վիքիլիքսի հիմնադիր, ավստրալացի լրագրող, նախկինում հակեր Ջուլիան Ասանջը պատասխանում է հարցով:
«Իսկապես հետաքրքիր է, չէ՞, որ համաշխարհային մեդիան այսքան վատ է աշխատում (քրքիջ): Մի խումբ ակտիվիստներ կարողացել են մի քանի տարվա ընթացքում ավելի շատ գաղտնի փաստաթուղթ հայթայթել, քան ողջ համաշխարհային մեդիան»,- ասում է Վիքիլիքսի հիմնադիրը: Հետո խոսում է այն մասին, որ ի տարբերություն ավանդական մեդիայի, իր թիմն աշխատում է այն հավատամքով, որ չկա գաղտնիք, որն ավելի մեծ արժեք ունի, քան հասարակության տեղեկացված լինելու իրավունքը: Իհարկե, վիճելի թեզ է, բայց պատմությունն այդ մասին չէ:
Հարցազրույցն անցկացվում էր դեռևս հուլիսին, և խոսքը Վիքիլիքսի նախորդ չորս տարվա գործունեության ընթացքում հրապարակված այլ հազարավոր գաղտնի փաստաթղթերի մասին է։ (Սա այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե Վիքիլիքսը անցյալ շաբաթ է ի հայտ եկել):
Կարելի էր 10 էջ գրել այն բոլոր մանրամասների մասին, որ կարող են կասկածի տակ դնել հայ հասարակության մի զգալի մասի այն համոզմունքը, որ սրանք բոլորը ՄԵԾ քեռիների ՄԵԾ խաղերն են, և միամտություն է հավատալ, որ մի խումբ մարդիկ իրոք կարողացել են գաղտնի փաստաթղթեր հայթայթել: Այս օրերին հայաստանյան սոցիալական ցանցերում ու նույնիսկ մամուլում կարելի է հանդիպել այն խորը համոզմանը, որ Օբաման կամ Քլինթոնը գրեթե անձամբ են Ասանջին տրամադրել այդ փաստաթղթերը:
Իհարկե կարծիք և համոզմունք ունենալը բոլորի սահմանադրական իրավունքն է, և կոնկրետ Ասանջին հավատալու կոչ անելու գործնական շահի բացակայության պարագայում, ճիշտ է շրջանցել այդ թեման և խոսել դավադրության տեսությունների մասին ընդահանրապես:
Գիտական վերլուծություն այս թեմայով չկա, բայց դժվար չէ առանց խղճի խայթի պնդել, որ հայ հասարակությունը հակված է հավատալ դավադրությունների տեսությանը: Աշխարհում ինչ էլ կատարվի, առաջին բացատրությունը, որ դրվում է շրջանառության մեջ, կարելի է ձևակերպել մոտավորապես այսպես' «դե աշխարհի ՄԵԾԵՐԸ այդպես են որոշել»: Ընդ որում բոլորովին նշանակություն չունի իրադարձությունը տեղի է ունենում հարևան Վրաստանում, հեռավոր Շրի Լանկայում, թե՝ Հայաստանում. բացատրությունը միշտ մեկն է:
Կան բազմաթիվ հետազոտություններ այն մասին, որ հասարակության հավատը դավադրության տեսություններին հակառակ համեմատական է ինֆորմացիայի մատչելիությանը: Դա իհարկե չի նշանակում, որ դավադրություններ չեն լինում, բայց որքան ավելի սահմանափակ է հատկապես համաշխարհային գործընթացների վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը, այնքան ավելի են հակված հասարակությունները ցանկացած երևույթ, թե՛ միջազգային, թե՛ նաև ներքին, բացատրել դավադրության տեսությամբ:
Դժվար չէ նաև եզրակացնել, որ որքան շատ է հասարակությունը հավատում նման տեսություններին, այնքան ավելի հեշտ է վերահսկել նման հասարակությանը: Քանի որ աշխարհի անվերջ կառավարելիությանը հավատացող քաղաքացին նաև չի հավատում սեփական երկրում սեփական դերին: Նա չի հավատում դեպքերին, պատահականություններին, մարդկային սխալներին, մարդկային հանճարին: Նա վստահ է, որ ամեն ինչ, թե՛ աշխարհում, թե՛ իր երկրում նախօրոք ծրագրված է, որոշված, և դա փոխել հնարավոր չէ: Փոքր ազգերի դեպքում դա նաև վերածվում է ազգային բարդույթի' որպես պետություն սեփական աննշանության և ՄԵԾ քեռիների քմահաճույքի դեմ անզոր լինելու համոզմունքի:
Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Վիկիլիքսը:
Այս օրերին արևմտյան մամուլում, որի գործը Վիկիլիքսը փաստորեն «ջուրն է գցել», կան ամեն տեսակի վերլուծություններ և արձագանքներ: Բայց, գոնե լուրջ հրատարակությունների դեպքում, որևէ կասկած չի արտահայտվում այն մասին, որ Վիկիլիքսն իրոք հայթայթել է այդ փաստաթղթերը տարբեր աղբյուրներից, մասամբ նաև ապօրինի ճանապարհով, բայց առնվազն ծրարի մեջ նվեր չի ստացել ԱՄՆ պետդեպարտամենտից կամ Հետախուզությունների դաշնային բյուրոյից: Նրանք հավատում են, որ մի խումբ անհատներ, կարողացել են անհարմար վիճակի մեջ դնել մի հսկայական համակարգ, քանի որ չեն հավատում համակարգերի, երկրների, աշխարհի անսահման կառավարելիությանը և անթերիությանը:
Մենք, առնվազն մեզանից շատերը, զարմանում ենք արևմտյան թերթերի միամտության վրա, կամ նրանց էլ ենք համարում դավադրության մաս: Անկախ այն բանից արդարացված է նման թերահավատությունը այս դեպքում, թե՝ ոչ, խնդիրն այն է, որ մենք որպես կանոն նման դեպքերում երբեք ՉԵՆՔ հավատում:
Ընդհանրապես «չի կարող պատահել»-ը ամենահեշտ բացատրությունն է: Որովհետև «կարող է պատահել»-ի դեպքում, վերլուծելու, տրամաբանական բացատրություններ փնտրելու անհրաժեշտություն է առաջանում: Միշտ ավելի հարմար է մտածել, որ ամեն մեծ ու փոքր բան կառավարվում է, և դրանով են պայմանավորված բոլոր անբացատրելի թվացող երևույթները, ինչպես նաև մեր բոլորի աննշանությունը այս' ՄԵԾ քեռիների աշխարհում:
Ժամանակակից մտածողներից մեկը վստահեցնում էր. «Դավադրությունների բոլոր տեսությունները հիմնված են այն համոզման վրա, որ այդ դավադրությունների հետևում կանգնած մարդիկ անսահման խելացի են: Կարծում եմ, դեպքերն ավելի բացատրելի կդառնան, եթե ենթադրենք, որ նրանք անսահման հիմար են»:
Վիքիլիքսի Ասանջը կամ, օրինակ, Գուգլ-ի հիմնադիրներ Բրինն ու Փեյջը, Ֆեյսբուքի հիմնադիր Ցուկերբերգը և տարբեր այլ ոլորտներում ստատուս քվոյին մարտահրավեր նետած հարյուրավոր այլ մարդիկ հավատացել են, որ չկա մարդկանց խումբ, համակարգ, օթյակ, որ անսահման խելացի է/են: Նրանք հավատացել են, որ իրենք կարող են միայնակ փոխել աշխարհը, որովհետև այն բաղկացած է իրենց նման և հիմնականում իրենցից պակաս խելացի մարդկանցից, ու հետևաբար չի կարող անսահման կառավարելի լինել: Այն հասարակություններում, որտեղ հավատում են հակառակին, հեղափոխական նորարարություններ տեղի չեն ունենում, ոչ մի ոլորտում։
Աշխարհի մեծերը որոշել են

Աննա Սաղաբալյան
http://civilitasfoundation.org/blog/?p=251