Մեկնաբանություն

10.04.2017 12:05


Ընտրակեղծիքներից անդին

Ընտրակեղծիքներից անդին

ԱԺ ընտրությունները կեղծվել են, ընդ որում՝ ապրիլի 2-ից շատ ավելի շուտ:

Ապրիլի 2-ը վարչակրիմինալ ու փողային միջոցներով ստացած արդյունքներին փաստաթղթային տեսք տալու օր էր:

Միասնական ճակատ կազմած ՀՀԿ-ն ու «Ելք» դաշինքը պնդում են, որ ընտրությունները լեգիտիմ են (նույնիսկ ՀՅԴ–ն, որն ինքնակցվել է Սերժ Սարգսյանին, թեթև դժգոհության նշաններ է ցույց տալիս): Ամեն մեկն իր բառապաշարով է հիմնավորում լեգիտիմությունը, բայց բովանդակային առումով նույն բանն են ասում: Ընդ որում՝ «Ելք»-ն ավելի կրքոտ է պաշտպանում անցած ընտրությունների լեգիտիմության թեզը, քան ՀՀԿ-ականները:

Տխրահռչակ Աշոտյանը պաշտպանում է «Ելքի»՝ մանդատներ ունենալու իրավունքը: Շարմազանովը համոզված է, որ ընտրությունները լեգիտիմ են, քանի որ հետընտրական գործընթաց փողոցում տեղի չի ունեցել: «Լուսավոր հաճախորդ» Մարուքյանն էլ իր հերթին շտապել է հայտարարել, որ ժողովուրդը կամավոր իր ձայնը տվել է ՀՀԿ-ին: «Հանրապետություն» կուսակցության Արամ Սարգսյանն ասում է, որ մյուս ուժերը լավ քարոզ չտարան, ու դա էր պատճառը, որ չանցան խորհրդարան (Արամի ասելով ստացվում է, որ ՀՀԿ-ն ամենալավ քարոզն է տարել, և դրա արդյունքում է ամենաշատ ձայներով հայտնվել ԱԺ-ում): Դե, իսկ Նիկոլը շարունակելու է կրկեսը Երևանու ավագանու ընտրություններում:

Եթե ՀՀԿ-«Ելք» ոչ ֆորմալ դաշինքի անդամների ասածները համադրենք, ապա կստացվի, որ հայ ժողովուրդը մազոխիստ է ու, միաժամանակ, ինքնասպան, քանզի որքան վատ է ապրում ՀՀԿ-ի ու դրա ղեկավարի օրոք, այնքան ավելի շատ ձայն է տալիս նրանց ու դեռ մի բան էլ ցանկանում է ավելի վատ ապրել ու կուլ տալով քարոզչակուտը՝ մոտ 800 հազար ձայն է հատկացնում տնտեսական անկման, արտագաղթի աճի, աղքատության ավելացման հեղինակներին ու մեր երկրի անվտանգությանը հսկայական հարված հասցրածներին, այն էլ՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած ցավալի կորուստների օրը:

Շարմազանովն ու նորաթուխ հաճախորդները ճիշտ են. հետընտրական գործընթաց չկա, մարդիկ ընտրություններից հետո փողոց դուրս չեն եկել: Բայց դա վտանգավոր նախանշան է: Եթե պետության գործերը վատ են, իսկ ժողովրդական ընդվզում չկա, ապա վակուումը կարող է լցվել դրսից, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանից։

Սերժ Սարգսյանին առայժմ հաջողվում է հաղթել Հայաստանի հանրությանը, որին կամաց-կամաց սարքում են միասնական նպատակ չունեցող ստրկացված զանգված:

Սարգսյանը հաղթում է Հայաստանին, բայց պարտվում Ադրբեջանին, քանզի բզկտված և իմունազուրկ հասարակությունը չի կարող իր պետական շահերը պաշտպանել արտաքին թշնամուց:

2015-ի փետրվարին էլ Սարգսյանին հաջողվեց հաղթել Հայաստանին ու պահել աթոռը: Այդ պահած աթոռի գինը եղավ առնվազն 100-ից ավելի զոհն ու 800 հեկտարից ավել կորցրած տարածքը:

Թե որքան է հայ ժողովուրդը վճարելու Սերժ Սարգսյանի այս «հաղթանակի» դիմաց, դժվար չէ կանխատեսել:

Մեկ բան հստակ է՝ ներկայիս պայմաններում որքան ցածր է ջերմաստիճանը ներքաղաքական կյանքում, և գերեզմանային կայունություն է տիրում, այնքան մեծ է հավանականությունը, որ ջերմաստիճանը բարձր կլինի առաջնագծում: Իմունազրկված հանրությունը, որը պարտվել է վարչակրիմինալ ռեսուրսին ու 10 հազար դրամին, դժվարությամբ կդիմակայի թշնամու տանկերին, «դրոններին» ու հրթիռներին:

Այնպես որ, ընտրակեղծիքներից անդին շատ ավելի լուրջ ու վտանգավոր բան կա: Ահա այդ մասին պետք է մտածել: Մանդատները չորրորդական նշանակություն ունեն:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Ի դեպ, «Ելքի» ղեկավարությունն ինչպես հիմա է պաշտպանում Սերժ Սարգսյանի շահերը, այնպես էլ նույն ոճով պաշտպանում էր Սերժ Սարգսյանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունները. Էդմոն Մարուքյանը գնում էր Բ26 և ֆոտոսեսիա անում ՀՀԿ ղեկավարի հետ, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ և այդպիսով փորձում հիմնավորել իր փաստացի սերժամետ պահվածքը: Արամ Զավենի Սարգսյանն ամենաքյարթու «նեոգեղամյաններից» է. սա Նիկոլի «գեղցիական շուստրիությունը» և Էդմոնի «կոմսոմոլական» հնարավորությունները չունի և ափաշքարա է պաշտպանում Սերժ Սարգսյանին:

Խնդիրն այն չէ, թե ինչու է «Ելք»-ը, որը օբյեկտիվ հարցումներով ուներ առավելագույնը 4-տոկոսանոց վարկանիշ, անցել խորհրդարան: Ի վերջո, հնդկական ու հայկական ցածրակարգ սերիալներ նայող մարդկանց մեջ քիչ չեն լինի Նիկոլի ճղճղան ձայնը հավանողներն ու նեոգեղամյանական կտեր ուտողները: Խնդիրն այն է, որ այս խորհրդարանը ճակատագրական որոշումներ պետք է կայացնի:

Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլը, Հոկտեմբերյանի Նովոն, Ցեմզավոդի Արամը, «լուսավոր հաճախորդը», Աշոտյանը, շուլուխչի-գեներալները, տարիներ շարունակ մեկ բառ անգամ չարտասանած պատգամավորները և բազմաթիվ անկապ բառեր արտասանած Գալուստ Սահակյանը մեր պետության համար ճակատագրական որոշումներ կայացնողներն են, իսկ նրանց ղեկավարում է արտաքին ու ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած Սերժ Սարգսյանը, ով սպառնում է ցմահ մնալ պետական կառավարման համակարգի ղեկին:

Այս խորագրի վերջին նյութերը