Մեկնաբանություն

09.04.2017 21:50


Ճիշտը «Հորս արև»-ով երդվելն է

Ճիշտը «Հորս արև»-ով երդվելն է

Ապրիլի 27-ին մեկնարկում է Ազգային ժողովի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի ժամանակ պատգամավորները պետք է երդվեն: Երդման տեքստն այսպիսին է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Հետաքրքիր է՝ ո՞վ է հորինել այս տեքստը: Նման փքուն բառերով ռազմահայրենասիրական տեքստ գրելու իմաստը ո՞րն է, երբ ակնհայտ է, որ դրա բովանդակությունը ոչ մի առնչություն չունի երկրի և ժողովրդի հետ:

Կարծում եմ, երդման տեքստի բովանդակության և իրականության միջև աղաղակող հակասություն կա: Անհապաղ պետք է խմբագրել կամ հիմնովին վերափոխել այս տեքստը: Պետք է ուղղակի անկեղծ լինել և իրականության հետ որևէ աղերս չունեցող երդում չտալ, ինչպիսին այս տեքստն է: Պատգամավորները պարզապես պետք է ձեռքը դնեն սրտին ու երդվեն. «Հանուն ՀՀԿ ղեկավարի ցմահ իշխելու նպատակի իրականացման և նրա հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Սերժ Սարգսյանի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Սերժ Սարգսյանի կողմից սահմանված խաղի կանոնները, նպաստել Սերժ Սարգսյանի՝ թուրքմենբաշու ստատուսի և նրա շահերի պահպանմանը, անել ամեն ինչ ՀՀԿ-ի հայր Սարգսյանի անդորրը չխաթարելու, նրա և իր նեղ թիմի կողմից ազգային հարստությանը լիովին տիրանալու և այն պահպանելու համար»:

Թե չէ՝ դրել ու համազգային-մամազգային, հայրենիք-մայրենիք, համամարդկային ու եսիմ ինչ բառերով խեղդել ու խցանել եք գյոզալական տեքստը, որ ի՞նչ: Երբ վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի կեղծիքների ու խախտումների շնորհիվ խորհրդարանում աթոռ ստացածներն իրականում երդվելու են «վեչնի» ծառայել մի մարդու, ով իրենց մանդատ է նվիրել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը