Աշխարհ

08.04.2017 10:05


Ահաբեկչություն Ստոկհոլմում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ, լրացվում է)

Ահաբեկչություն Ստոկհոլմում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ, լրացվում է)

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բեռնատար մեքենան միտումնավոր վրաերթի է ենթարկել մարդկանց: Սպանվել է առնվազն 3 մարդ, 9-ը՝ վիրավորվել, տուժածների թիվը կարող է աճել:

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի վարչապետ Սթեֆան Լովֆենն ասել է, որ կատարվածը վկայում է ահաբեկչական գրոհի մասին: Ըստ չհաստատված լուրերի՝ դեպքի վայրում հնչել են կրակահերթեր:

Վրաերթը տեղի է ունեցել Դրոտնինգատան (Drottninggatan) փողոցում, որն անվանում են նաև «Թագուհու փողոց»:

Ոստիկանները հայտնում են, որ վրաերթից հետո բեռնատարը մխրճվել է «Ahlens» խանութի մեջ:

Նշվում է, որ բեռնատարը պատկանում է «Spendrups» ընկերությանը: Վերջինի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ անհայտ անձը գողացել է բեռնատարը, մինչ վարորդը բեռնաթափելիս է եղել փոխադրամիջոցը:

«Ռեստորաններից մեկին ապրանք առաքելու ժամանակ անհայտ անձը ներս է ցատկել վարորդի խցիկ և հեռացել, մինչ մեր աշխատակիցը զբաղված է եղել ապրանքը բեռնաթափելով», - հայտնել է «Spendrups»-ի ներկայացուցիչ Մորտեն Լիտը:

Ըստ Շվեդիայի ռադիոյի՝ զոհերի թիվը կարող է հասնել 5-ի։

«Drottninggatan»-ը Ստոկհոլմում հետիոտների ամենախոշոր փողոցն է, որտեղ միայն հատուկ թույլտվությամբ են մեքենաներ երթևեկում: Մարդաշատ այդ շրջանում կան մեծ թվով խանութներ, սրճարաններ, հուշանվերների կրպակներ:

Ստոկհոլմի ոստիկանությունն ընդգծել է, որ «դեռևս չգիտեն՝ տեղի ունեցածը միակ գործողությո՞ւնն էր, թե կարելի է որևէ այլ բանի սպասել»:

***

«Էքսպրեսսենի» փոխանցմամբ՝ ահաբեկչությանը մեղսակցություն ունեցող 2 կասկածյալ է ձերբակալվել։ Զոհերի թիվը հասել է 4–ի, 15–ը վիրավոր է, 9–ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։

***

Ահաբեկչության գործով ձերբակալված 39-ամյա տղամարդու մոտ Ուզբեկստանի անձնագիր է հայտնաբերվել։ «Aftonbladet»–ի փոխանցմամբ՝ կասկածյալն իր համակրանքն է արտահայտել ԻԼԻՊ–ի հանդեպ։ Նրա ֆեյսբուքյան էջում գտել են ծայրահեղականների քարոզչական նյութեր, կասկածյալը հավանել է նաև 2013-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքների լուսանկարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը