Մարտի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
ՀՀ ԿԲ-ից հայտնում են, որ 2017 թ. մարտի 28-ի տեղի է ունեցել խորհրդի նիստ։ Նշվել է, որ 2017թ-ի փետրվարին գնաճի ցուցանիշը մոտ է եղել ԿԲ կանխատեսումներին. ամսվա ընթացքում արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է վերականգնվել՝ կազմելով -0.2%:
Փաստվել է նաև, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում պահպանվող գնանկումային միջավայրը մեծապես կրել է 2015-2016թթ. արտաքին հատվածում ձևավորված գնանկումային միջավայրի ազդեցությունը, որն առաջին հերթին փոխանցվել է ՝պարենային ապրանքների, իսկ 2016թ-ից՝ նաև ոչ պարենային ապրանքների գների վրա: Նշված ժամանակահատվածում ցածր գների ձևավորմանը նպաստել են նաև գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները և գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մի քանի փուլով իջեցումները: Ընդ որում, գնաճային նման զարգացումներ են դիտվել ոչ միայն մեր, այլ տարածաշրջանի զարգացող ու անգամ զարգացած մի շարք երկրներում. ԵՄ, Արևելյան ԵՎրոպա և ԱՊՀ 40 երկրներում միջին գնաճը 2016-ին կազմել է 1.8%` նախորդ տարվա 2.8%-ի դիմաց, իսկ դրանցից 12-ում գրանցվել է գնանկում:
Արձանագրվել է, որ 2016թ-ի տնտեսական աճը կազմել է 0.2%՝ կանխատեսված 0.4%-ի դիմաց, որն հիմնականում պայմանավորվել է տարեվերջին գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում սպասվածի համեմատ ավելի մեծ կրճատումներով: Այնուամենայնիվ, 2017թ. հունվար-փետրվար ժամանակահատվա-ծում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը էականորեն գերազանցել է սպասելիքները. ՏԱՑ-ը կազմել է 6.2%, ընդ որում առավել մեծ ակտիվություն է դիտվել արդյունաբերության, մեծածախ ու ավտոմեքենաների առևտրի և մատուցված ծառայությունների ոլորտներում: Արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճը վերագնահատվել է 1.9%-ից 5.2%:
Ելնելով գնաճի և տնտեսական ակտիվության վերոնշյալ զարգացումներից և դրանց հետագա շարունակականությունից՝ ԿԲ-ն մայիսին, կանխատեսման հաջորդ փուլում, պատրաստվում է կանխատեսվող 3 տարվա հորիզոնի համար տնտեսական աճի կանխատեսումները վերանայել դեպի վեր (նախնական գնահատմամբ 2017թ-ին կգտնվի 3.2-4.4% միջակայքում) և նախատեսել գնաճի ավելի արագ վերականգնման հետագիծ: Այնուամենայնիվ, տնտեսական աճի միջնաժամկետ հեռանկարները զգալիորեն կախված կլինեն Կառավարության իրականացրած բարեփոխումներից, ներքին և արտաքին ներդրումների ներգրավման արդյունավետությունից և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված կապիտալ ծախսերի մակարդակից:
Խորհրդում նշվել է նաև, որ բացի առաջարկի գործոններից, 2015-2016թթ-ին ՀՀ ԿԲ և ՀՀ կառավարության կողմից իրականացրած ընդլայնողական քաղաքականությունների դրական ազդեցությունն են արտացոլել պահանջարկի գործոնները: 2017թ-ի հունվար-փետրվար ժամանակահատվածում շարունակվել է համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչի հիման վրա տարվա առաջին եռամսյակում ակնկալվում է մասնավոր սպառման 0.6 տոկոսային կետով բարձր աճ՝ հունվարին արված կանխատեսման համեմատ, որի մասին վկայում են մանրածախ առևտրի ոլորտում արձանագրված շրջանառության և ներմուծման՝ սպասվածից բարձր աճերը: Նույն ժամանակահատվածի համար մասնավոր ներդրումների աճի տեմպը վերանայվել է դեպի վեր 1.3 տոկոսային կետով` հիմնականում պայմանավորված սպասվածից բարձր տնտեսական ակտիվության աճով և ներդրումային միջավայրի որոշ չափով բարելավմամբ:
Մարտի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ