Քաղաքական

05.04.2017 11:17


Յագլանդի հետ հանդիպմանը Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հարցը

Յագլանդի հետ հանդիպմանը Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հարցը

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում:

Մասնավորապես, ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները: Խոսվել է նաև արձանագրված բողոքների, ուսումնասիրված հրապարակումների ու դրանցով բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների, զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուղղությունների մասին:

Ներկայացվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու եվրոպական կառույցների և առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի համար դրա վտանգավոր դրսևորումների հարցը: Միջազգային փորձագետների, այդ թվում՝ Եվրամիության պատգամավորների ու լրագրողների նկատմամբ հետապնդում իրականացնելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունները պետք է ակտիվ ներգրավածություն ունենան Արցախում:

Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը, այդ թվում՝ նրա հրապարակած զեկույցները: Խոսվել է նաև Ռուբեն Մելիքյանի կատարած փաստահավաք աշխատանքների մասին, որոնք բխում են միջազգայնորեն սահմանված սկզբունքներից: Դրանով հանդերձ, կարևորվել է նրա մասնակցությունը միջազգային ծրագրերին ու հանդիպումներին:

Թորբյորն Յագլանդը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն ու աշխատանքը նշված ոլորտում Հայաստանում եվրոպական չափանիշների ներդրմանհարցում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և միջոցներ ձեռնարկել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը