Մեկնաբանություն

05.04.2017 10:31


Կյանքում դերասանությունը գարշելի է

Կյանքում դերասանությունը գարշելի է

«Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները»: Մեծն Թումանյանին հիշեցի, երբ ծանոթացա Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Չարժե, իհարկե, կարևորել նրա հետևյալ միտքը․ «Մենք մեծ քայլ արեցինք առաջ, մեծ քայլ դեպի ապագա»:

Կեղծված ընտրություններին տրված այսպիսի գնահատականը սատիրայի ժանրից է: Առավել հետաքրքրական է ՀՀԿ ղեկավարի այս խանդավառ միտքը. «Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդա­րանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»:

Նա չի մանրամասնում, թե այդ ի՞նչ «ընդդիմության» մասին է խոսում, որը անցել է խորհրդարան: Նախընտրական փուլում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն թաքցրել հետընտրական շրջանում սերտ համագործակցության մասին (կոալիցիոն գործընկերությունը շարունակելու մասին): Մնում են «Ծառուկյան» դաշինքն ու ԵԼՔ դաշինքը: Սակայն, հիշենք, թե ավելի վաղ ինչ էր ասում Սերժ Սարգսյանը այս դաշինքների կամ նրանցից մեկի ղեկավարի մասին: Դեռևս հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը»: Իսկ ԵԼՔ դաշինքի մասին անուղղակիորեն խոսեց Արցախում ՊԲ զորամասերից մեկում, ասելով, թե. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»։

Ընտրություններից հետո, սակայն, չափազանց գոհ է, որ Ծառուկյանը ներկայացված է լինելու խորհրդարանում, որի վերադարձը քաղաքական դաշտ չէր ողջունում: Առավել գոհ է, որ «տանիքների վրա լավ ցատկողները» ևս ներկայացված են լինելու խորհրդարանում: Չես հասկանում՝ էս մարդը ե՞րբ էր «դերասանություն» անում: Բնականաբար, նախընտրական փուլում, այն է՝ կյանքում, որն ըստ Թումանյանի «գարշելի» է:

Կյանքում դերասանությունը գարշելի է մեկ այլ դեպքում ևս: Ավելի ճիշտ, մեկ այլ ֆիգուրի պարագայում: ՀԱԿ ղեկավարը նախընտրական շրջանում երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում իր խաղաղության ծրագրի շրջանակում ակնհայտորեն քարոզում էր գործող իշխանության օգտին, որին համարում էր ընտրված։ Հատկապես՝ ընտրված էր համարում Սերժ Սարգսանին:

Հիմա, երբ Տեր- Պետրոսյանն արդեն հասել է իր նպատակին, այն է՝ «հաղթել» է իշխող ուժը (ՀՀԿ ղեկավարին հաջողվեց համատարած ընտրակաշառքների բաժանման, կրկնաքվեարկությունների, կեղծիքների, խախտումների, արատավոր ռեյտինգային համակարգի ներդրման միջոցով «հաղթել»), այժմ հայտարարում է. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ելքը ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը»։

Սա կատարյալ փարիսեցիություն է: Եթե չասենք՝ դասական բանսարկուի հայտարարություն: Բա հիմա ո՞նց չհարցնես՝ ՀԱԿ ղեկավարին՝ ա՛յ ախպեր ջան, մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում կուտակված ազգային հարստության, ժողովրդի թշվառության, ՀՀԿ-ի խոստացած միլիարդավոր դոլարի ներդրումների մասին այդ ինչո՞ւ հեռուստաեթերից չէիր ասում (ավելի ճիշտ՝ հեգնում, ինչպես հիմա ես դա անում): Բա այս ամենը գարշելի դերասանություն չէ՞:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը